Ռուսաստանի հետ հարաբերությունները կդառնան Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարում առաջին նիստի գլխավոր թեման, որը հունվարի 19-ին տեղի կունենա Բելգիայի մայրաքաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները կդառնան ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի գլխավոր թեման: Նախարարներն աշխատանքը կսկսեն Ռուսաստանի շուրջ ռազմավարական բանավեճով»,- հաղորդել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:- Այդ քննարկումը կդառնա Եվրամիության մարտյան գագաթնաժողովում ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների շուրջ առաջիկա բանավեճի նախապատրաստումը:

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԵՄ-ն մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչի մասին վկայում է ներքին փաստաթուղթը, որը նիստի համար պատրաստել է ԵՄ-ի արտաքին գոծերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Փաստաթղթից արված քաղվածքների համաձայն, որոնք ներկայացրել են եվրոպական ԶԼՄ-ները, ԵՄ-ն կարող է ՌԴ-ի հետ վերսկսել համագործակցությունը, մասնավորապես, առեւտրի բնագավառում, եթե Մոսկվան զիջումների գնա Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցում: