Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը պատասխանատվություն է կրում Սիրիայում հազարավոր անմեղ բնակիչների զոհվելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»' վկայակոչելով թուրքական Haber7 լրատվական կայքը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մյովլուդ Չավուշօղլուն:

 

Նրա խոսքով' 200 հազարից ավելի մարդկանց զոհվելու պատճառը հենց «Հզբոլլահ» շարժումն է, որը պաշտպանում է Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգը», -ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ «Հզբոլլահ»-ը իրավունք չունի մեղադրել Թուրքիային ահաբեկչությունը պաշտպանելու մեջ:

 

«Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը օրերս «Ալ Մեյադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է աջակցել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) եւ «Նուսրա» ահաբեկչական կազմակերպություններին:

 

«Թուրքիան շարունակում է կապերը ԻԼԻՊ-ի եւ «Նուսրա»-ի հետ: Թուրքիան ամբողջությամբ բացել է իր սահմանները նման կազմակերպությունների առաջ: Առանց Թուրքիայի գիտության այդ երկրի տարածքով Սիրիա զենք անցկացվել չի կարող: Թուրքիայից զինված խմբեր են մուտք գործում Սիրիա: Թուրքիայի տարածքում այդ զինված խմբերի վարժանքների ճամբարներ կան: Սիրիայի հարցում Թուրքիան ճնշիչ դիրքորոշում ունի, ինչն անհետեւանք չի մնա», -ասել է նա:

 

Նասրալլահը նշել է, որ Սիրիայի ղեկավարությանն անտեսող որեւէ քաղաքական լուծում չի կարող լինել: Նա նշել է, որ ընդդիմություն լինելով հանդերձ, իրենք շարունակելու են մասնակցել Սիրիայի դեմ գործող օտար ուժերին վերացնելու գործողություններին:

 

Անդրադառնալով Բաշար Ասադի վարչակարգը տապալելու հավանականությանը' Նասրալլահն ասել է. «Ներկայում Սիրիայում ղեկավարությանը տապալելու կամ էլ Սիրիային իշխելու կարող ուժ գոյություն չունի: Թուրքիայի առաջնորդ Էրդողանն ասում էր, թե նամազ է անելու Դամասկոսում: Հետո էլ «համեստություն» ցուցադրելով' ասաց, թե Հալեպում է նամազ անելու: Այդ բոլորն այլեւս հետեւում են: Սիրիայի մեծ մասն ու բոլոր մեծ քաղաքները ղեկավարության վերահսկողության տակ են: Սիրիայում Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ գտնվող շատ քիչ ուժեր են մնացել: Սիրիայում քաղաքական լուծման մասին խոսք կարող է առաջանալ միայն ԻԼԻՊ-ին վերացնելու համար տարածաշրջանային որոշում տրվելուց հետո», -ասել է «Հզբոլլահի» առաջնորդը: