ԱՄՆ-ում ավելորդ քաշի դեմ պայքարելու համար մարդկանց առաջարկել են հատուկ էլեկտրոնային փոխպատվաստ կրել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է New Scientist-ի կայքում:

 

Maestro Rechargeable System անվանումը կրող սարքի արտադրողը Միացյալ Նահանգների EnteroMedics ընկերությունն է: Փոխպատվաստն իրենից ներկայացնում է էլեկտրոդներով սարք, որն արգելափակում է ազդանշանները թափառող նյարդի և ստամոքսի միջև:

 

Դա հանգեցնում է այն բանին, որ փոքրանում է մարսողական ֆերմենտների արտազատումը, ինչպես նաև նվազում է ստամոքսի մկանների կծկումը: Դրա շնորհիվ փոխպատվաստ կրող մարդիկ իրենց ավելի քիչ քաղցած կզգան և ավելի քիչ կալորիաներ կգործածեն:

 

Ինչպես սպասվում է, դա կարող է օգնել երկրորդ աստիճանի ճարպակալմամբ (մարմնի զանգվածի 35-ից մեծ ինդեքսով) տառապող մարդու քաշը նվազեցնելու մինչև ինը տոկոսով: Վիրահատական միջամտությունը հանգեցնում է մարմնի զանգվածի վեց տոկոսից ոչ ավելի նվազման:

 

Գիտնականներն առաջարկել են փոխպատվաստը զետեղել ստամոքսի շրջանում: Սարքը սնվում է կուտակչից և կառավարվում է անհաղորդալար եղանակով: Ինչպես սպասվում է, նյարդային ազդանշանները կարգավորող համանման սարքերը կարող են օգնել էպիլեպսիայով և դեպրեսիայով, ինչպես նաև այլ հիվանդություններով տառապող մարդկանց: