Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Հայաստանը ներկայացնող 12 դպրոցակնները նվաճել են 10 մեդալ' այդ թվում 1 ոսկի , 7 արծաթ և 2 բրոնզ:
Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը (ֆիզիկա), արծաթե մեդալ են ստացել նույն դպրոցի աշակերտներ Գրիգոր Քերոբյանը (մաթեմատիկա), Հակոբ Թամազյանը (մաթեմատիկա), Նարեկ Խանդանյանը (մաթեմատիկա), Աշոտ Մովսիսյանը (ֆիզիկա), Արա Մամբրեյանը (ֆիզիկա), Մուշեղ Շահինյանը (ինֆորմատիկա) և Քվանտ վարժարանի աշակերտ Ալբերտ Գևորգյանը (մաթեմատիկա): Բրոնզե մեդալի են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Հրանտ Թոփչյանը (ֆիզիկա) և Կարեն Մկրտումյանը (ինֆորմատիկա):
Օլիմպիական մրցաշարում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի թիմը գրավել է երրորդ տեղը և ստացել երկրորդ կարգի մրցանակ: Հայկական թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի ֆիզիկայի ուսուցիչ, խմբակի ղեկավար Բիլոր Կուրղինյանը:
Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի նախկինում ցուցաբերած լավագույն արդյունքն եղել է 2013 թվականին, երբ մեր դպրոցակնները գրավել են 8-րդ տեղը' 6 մեդալով' 3 արծաթ, 3 բրոնզ:
Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր' շուրջ 400 մասնակիցներով: