Ռուսատանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը ցավակցել է Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
«Խորը ցավով տեղեկացա Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Հույսը, որ նա, արհամարելով ոճրագործությունը, կապրի և կվառի այդ ընտանիքի մարած լույսը, ավաղ, չարդարացավ:
Ցավակցում եմ հարազատներին, բարեկամներին և ևս մեկ անգամ շեշտում, որ հանցագործը պետք է խստագույնս պատժվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Արա Աբրահամյանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:
Հունվարի 19-ին մեկ շաբաթ կյանքի եւ մահվան պայքար տալուց հետո ժամը 17:02-ին մահացել է նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: