Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունն ու Ռուսաստանի ուշացած արձագանքը հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ hասարակական ընկալման որոշակի փոփոխությունների են բերել:

 

Տեսակետը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մինասյանը շեշտում է, որ հասարակության շրջանում այդ փոփոխությունները վաղուց էին նկատվում, իսկ ռուս դասալիքի կողմից հայ ընտանիքի սպանությունն ու դրան հաջորդած իրադարձությունները կարծես հանդիսացան այդ տրամադրությունների տրամաբանական ավարտը: «Ես չէի ասի, որ դա նոր գործընթաց է:

 

Իրականում նմանատիպ տրամադրություններ, ընկալում Հայաստանում թե՛ հասարակության, թե՛ քաղաքական որոշ ուժերի կողմից կար եւ Գյումրիի դեպքերը որոշակի առումով այդ տրամադրությունների եզրափակում կարելի է անվանել: Բավական երկար ժամանակ պետք կլինի Ռուսաստանին' վերականգնելու հասարակության տրամադրությունը, տրամադրվածությունն ու վերաբերմունքը, որ կար նախկինում»,-ասաց քաղաքագետը: Իսկ թե ինչ պետք է անի Ռուսաստանը, վերաբերմունքի վերականգնման առումով, գոնե պետք է միջպետական հարաբերություններում ցուցաբերի ավելի շատ հասկացություն, ընկալում Հայաստանի ազգային եւ առաջին հերթին անվտանգության շահերին:

 

Միաժամանակ, ըստ Մինասյանի, հայ-ռուսական հարաբերությունները միջպետական առումով կապված են եւ, հատկապես ռազմավարական եւ ռազմաքաղաքական ոլորտների առումով համագործակցությունը հաշվի առնելով, պետական մակարդակով փոփոխություններ տեղի չեն ունենա: «Նոր պայմանագիր, նոր փաստաթուղթ կմշակվի, որը կկարգավորի ռուսական ռազմաբազայի գործունեությունը Հայաստանի տարածքում, որ նմանատիպ իրադարձություններ տեղի չունենան, բայց միջպետական հարաբերություններում չեմ կարծում, որ սկզբունքորեն որեւէ փոփոխություն տեղի կունենա»,- ասաց Մինասյանը' հավելելով, որ հայտարարությունը, որ հաջորդ տարվանից ռուսական ռազմաբազայում կծառայեն միայն պայմանագրային զինծառայողներ, տրամաբանորեն ենթադրում է, որ նրանք ավելի կարգապահ կլինեն, քան տարբեր վայրերից եկած նորակոչիկներ:

 

«Բայց, բացի դրանից, կարծում եմ' ավելի խիստ ու իրավական մեխանիզմներ պետք է մշակվեն, որպեսզի բացառվի Գյումրիում կատարված իրադարձությունների կրկնությունը»,- ասաց Մինասյանը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռո ւսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

 

ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ' քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին: