Թուրքիան շահել է նավթի համաշխարհային գների նվազումից: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' վկայակոչելով Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի հայտարարությունը՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում տեղի ունեցած ելույթը:
«Թուրքիան շահել է նավթի գնի անկումից: Մեր ամենամեծ շահույթը վճարային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատումից է եղել»,- ասել է Բաբաջանը:
Նա հավելել է, որ նավթի գների նվազումը կարող է աննշան բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա՝ նավթամթերքի առևտրից ստացվող հարկերի նվազման պատճառով:
Բաբաջանի խոսքով՝ թուրքական տնտեսության աճը 2015թ.-ի համար կանխատեսվում է 4%, սակայն դա արվել է՝ հաշվի առնելով նավթի ավելի բարձր գինը, քան դրա ներկայիս արժեքն է:
Բաբաջանը նաև անդրադարձել է ռուսական տնտեսության վրա նավթի գնի նվազման բացասական հետևանքներին՝ նշելով, որ Ռուսաստանն արտաքին առևտրի կարևոր գործընկեր է Թուրքիայի համար: