Կոնստանդնուպոլսի կառուցման մեջ մեծ ներդրում ունեցած հայազգի ճարտարապետ Կարապետ Պալյանի գերեզմանաքարի' մի շինհրապարակում հայտնաբերվելու հետ կապված թուրք փաստաբան Դիրեն Ջեվահիր Շենը հայտարարել է, որ եթե «Ստամբուլը Ստամբուլ դարձրած ճարտարապետը ազգությամբ թուրք լիներ, արդյո՞ք նրա գերեզմանի հետ այդպես կվարվեին»: Նա դատապարտել է ճարտարապետ Պալյանի գերեզմանի ավերումը Ստամբուլում եւ պատասխան պահանջել իշխանություններից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական T24 լրատվական կայքը:
«Պալյանը շատ կարեւոր ճարտարապետ է, Ստամբուլը Ստամբուլ դարձրած արվեստագետ: Նա նման բազմաթիվ հայ արվեստագետներից մեկն է: Թուրքիայում կորած հայերը այժմ էլ գերեզմաններն են կորցնում»,-կայքում բերված հոդվածում նշել է թուրք փաստաբանը:
Նշելով, որ անհասկանլի է, թե ինչպես է ճարտարապետ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը հայտնվել Ստամբուլի քաղաքապետարանի շինհրապարակում, փաստաբանը հարցադրում է կատարել. «Նրա հայ լինել՞ն է այդ մարդուն անկարեւոր դարձնում: Եթե Կարապետ Պալյանը մահմեդական լիներ, միթե՞ վերաբերմունքն այլ չէր լինի: Քաղաքապետարանը պետք է պատասխան տա այս հարցերին»: «Ստամբուլի կենտրոնի թաղապետը եւս ճարտարապետ է, եւ նա թույլ է տվել իր կոլեգայի վերջին մասունքի պղծում», -հայտարարել է թուրք փաստաբանը:
Կարապետ Պալյանի կորած գերեզմանաքարը օրերս հայտնաբերվել էր Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող տարածքի փլուզված շենքերի մեջ: Ենթադրվում է, որ գերեզմանաքարը գողացվել է Բեշիքթաշի հայկական գերեզմանատնից: Կարապետ Պալյանի գերեզմանաքարից բացի նույն տարածքում հայտնաբերվել են հայերեն գրություններով այլ գերեզմանաքարեր եւ արձանագրություններ: Ստամբուլի քաղաքապետարանը հրաժարվել էր պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս են այդ գերեզմանաքարերը հայտնվել շինհրապարակում:
Կարապետ Պալյանը (1800- 1866) Պոլսում հայտնի Պալյանների ընտանիքի անդամներից է, եղել է պալատական ճարտարապետ: Նա է կառուցել Ստամբուլի նշանավոր Դոլմաբահչե սուլթանական պալատը, որը ներկայում Թուրքիայի վարչապետի նստավայրն է, Չիֆթե սարայլարը (Զույգ պալատ), Չրաղանի հին պալատը, Իզմիթի իշխանական դղյակը, Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասի Սուրբ Աստվածածին, Քուրուչեմշեի Երեւման Սուրբ Խաչ, Գալաթասարայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիները, Դոլմաբահչեի մզկիթը, ամբարտակներ, գործարաններ եւ այլն: Աբդուլ Մեջիդ սուլթանը 1847 թվականին նրան Ազգային հոգեւոր եւ գ երագույն ժողովների արտոնագիր է հանձնել: Կարապետ Պալյանը 1853 թվականին ընտրվել է Գերագույն ժողովի, 1859 թվականին' Քաղաքական (աշխարհիկ) ժողովի անդամ: Պարգեւատրվել է թուրքական կառավարության «Պատվո նշան» շքանշանով: Զբաղվել է բարեգործությամբ: