Սիրիական Լաթաքիա քաղաքի բնակելի թաղամասերում հունվարի 26-ին 2 հրթիռ է ընկել, ինչի հետևանքով 1 երեխա զոհվել, ևս 7 խաղաղ բնակիչներ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ' հրթիռներից մեկն ընկել է Ալի Ջամալ թաղամասում, իսկ մյուսը՝ բնակելի Կանինիս թաղմաասում՝ պատճառելով միայն նյութական վնասներ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նախօրեին հրթիռներ ընկնելու հետևանքով Լաթաքիայի բնակելի թաղամասերում 3 զոհ և 9 վիրավոր է գրանցվել:
Լաթաքիայի հյուսիսային գյուղերում տարածված ահաբեկչական խմբավորումները պարբերաբար ռմբակոծում են անվտանգ գյուղերն ու քաղաքները: Նրանք անմիջական աջակցություն են ստանում Թուրքիայից:
Դամասկոսի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով հունվարի 25- ին զոհվել է 6, վիրավորվել՝ 53 մարդ: Մայրաքաղաք Դամասկոսում պայթել է ավելի քան 40 հրթիռ, որոնք ընկել են հիմնականում Մզզե, Աբու Ռումանա թաղամասերում, Աբբասյան հրապարկում, Բաղդադի փողոցում, ինչպես նաև Քաֆր Սուսա, Ալ Միդա, Ալ Ֆահհամա, Առ Ռոուդա թաղամասերում: