Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն տեղին է համարում այն քայլերը, որոնք Կուբայի Պետխորհրդի նախագահ եւ Նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն արել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար, բայց ընդսմին հավելել է, որ ինքը չի հավատում ԱՄՆ-ի քաղաքականությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես չեմ հավատում ԱՄՆ-ի քաղաքականությանը եւ նրանց հետ ոչ մի խոսք չեմ փոխանակել, բայց դա բնավ չի նշանակում հրաժարվել հակամարտությունների խաղաղ լուծումից կամ պատերազմի վտանգներից: Խաղաղությունը պաշտպանելը յուրաքանչյուրի պարտքն է»,- հայտարարել է Ֆիդել Կաստրոն ուսանող երիտասարդությանը հղած իր ուղերձում, որի տեքստը հրապարակված է «Գրանմա» թերթի կայքում:
«Կուբայի առաջնորդի քայլերը տեղին են, դրանք արվել են այն իրավասություններին ու լիազորություններին համապատասխան, որոնք նրան տրված են Կուբայի Ազգային ժողովի եւ Կոմունիստական կուսակցության կողմից»,- ընդգծել է Ֆիդելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: