Ադրբեջանի պետական հաստատություններում զանգվածային կրճատումները նոր թափ են ստանում: Եթե մինչ այժմ զանգվածային կրճատումներ են արվում Բաքվի մետրոպոլիտենում, «Ազերէներժի»-ում եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում (SOCAR), ապա այժմ ադրբեջանական կառավարությունը որոշում է ընդունել եւս մի քանի պետական կառույցներում կրճատումներ կատարելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ին հասած հավաստի տեղեկություններով, մոտ ժամանակում կկրճատվի նաեւ «Ազերսու» եւ «Ադրբեջանի ծովային նավագնացություն» ՓԲԸ-ների աշխատակիցների 30 տոկոսը:
Նշվում է, որ Ադրբեջանի պետական հաստատություններում կրճատումները դրանով չեն սահմանափակվելու, եւ որ ամենամեծ կրճատումներն առաջիկա երկու ամիսներին կյանքի կկոչվեն Բաքվի գործադիր իշխանությանը կից շինարարական հաստատություններում:
Նաեւ նշվում է, որ խոշոր կրճատումներ են սպասվում Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեում: Պետական բյուջեից այդ կառույցին հատկացվող ֆինանսական միջոցներն արդեն կիսով չափ նվազեցվել են: Մնացածն էլ հատկացվել է ավարտին մոտեցող գործերը վերջացնելու համար: Իսկ նոր նախագծերի համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Այդ պատճառով կառույցը հարկադրված է դիմել խոշոր կրճատումների:
«Ազադլիգ»-ն ընդգծում է, որ կրճատումները կապված են նավթի գնի էժանացման հետ, եւ հեգնանքով հիշեցնում. «Իսկ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը հայտարարում էր, որ նավթի էժանացումը Ադրբեջանի վրա ոչ մի ազդեցություն չի գործելու...»:
Նավթի համաշխարհային գների անկման հետ կապված' Ադրբեջանում ունեցած իր ընկերություններում արդեն զանգվածային կրճատումներ է անցկացրել նաեւ BP Azerbaijan ընկերությունը: Ադրբեջանի «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արաստուն Օրուջլուն որոշ ժամանակ առաջ հայտարարել է, որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանում կկրճատվեն անգամ չնչին սոցիալական ծրագրերը:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից 36 դոլարով ցածր է: