Ռումինիայում հունվարի 18-25-ը կազմակերպված' ընտանիքին նվիրված «Քրիստոնեության միասնության շաբաթ»-ի շրջանակներում, հունվարի 23-ին Բուխարեստի Հայոց Առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք' մասնակցությամբ Ռումեն ուղղափառ եկեղեցու առաջնորդական փոխանորդ Իոան եպիսկոպոսի, լութերական, կալվինական, կաթոլիկ, գրեկո-կաթոլիկ, ուղղափառ, ավետարանչական եկեղեցիների առաջնորդների: Արարողությանը ներկա էին Ռո ւմինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայում պապական պատվիրակ Խավիեր Լոզանոն, Ռումինիայի հայոց թեմի ծխական անդամներ, քահանայից դասը, քրիստոնեական եկեղեցիների հարյուրավոր ուխտավորներ:
Էկումենիկ աղոթքին օրհնության և բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը' նշելով, որ այս էկումենիկ աղոթքը ևս մեկ խնդրանք է առ Աստված, որ Քրիստոսի ծննդյան խաղաղությունը տարածվի ամբողջ աշխարհում և բոլորի հոգիներում: Սրբազան հայրը իր խոսքում, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց լութերական եկեղեցու առաջնորդին՝ նշելով, որ օրեր առաջ տեղի ունեցած էկումենիկ աղոթքում վերջինս խոսել է Հայոց ցեղասպանության մասին և դատապարտել այդ մեծագույն ոճրագործությունը:
Էկումենիկ աղոթքի ժամանակ իր քարոզում Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման պահանջով հանդես եկավ Կալվինական եկեղեցու ներկայացուցիչը' կոչ հղելով մարդկությանը օր առաջ ճանաչել դարասկզբի այդ ոճրագործությունը: Քույր եկեղեցու ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց Ցեղասպանության ժխտման բացասական հետևանքների վրա' մատնացույց անելով նման ոճիրների կրկնման դեպքերը նորագույն ժամանակշրջանում:
Արարողությունը զուգակցվեց հայկական հոգևոր երաժշտության կատարումներով, իսկ
Էկումենիկ աղոթքն ավարտվեց Ռումինիայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ:
«Քրիստոնեության միասնության աղոթքի շաբաթ»-ը մեկնարկել էր հունվարի 18-ին, Բուխարեստում Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի Մայր տաճարում: Ամենամյա ավանդական այս միջոցառումը կազմակերպվում է Համաշխարհային եկեղեցական խորհրդի հովանու ներքո և կոչված է միավորել բոլոր քրիստոնյաներին' անկախ դավանական առանձնահատկո ւթյուններից: Շաբաթվա ընթացքում փոխանակվում են եկեղեցական ատյանները, ինչպես նաեւ կազմակերպվում են հատուկ աղոթքներ, որին մասնակցում են ավանդական քրիստոնյա եկեղեցիները ՀԵԽ-ի կողմից առաջարկված աստվածաշնչյան թեմաներով: