Նրանք, ովքեր հույս են փայփայում, որ 2015-ը կավարտվի, ու նրանք կարող են հանգիստ շունչ քաշել, չարաչար սխալվում են: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: «Ապրիլի 24-ի միջոցառումները գագաթնակետն են միջոցառումների, որ ոնք նախատեսված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մինչև տարվա վերջ հատկապես արտերկրում օրերով, ժամերով ֆիքսված են բազմաթիվ միջոցառումներ, ոչինչ չի վերջանում ապրիլի 24-ով»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

 

Կարծիքը, թե հայկական Սփյուռքում պայքարի ոգին կարող է մարել 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտով, ըստ Վիգեն Սարգսյանի, թյուր է: «Մենք այսօր տեսնում ենք մեծ վերելք, մենք տեսնում ենք երիտասարդ սերնդի կուռ համախմբում տարածաշրջանային հանձնախմբերի շուրջ, մենք տեսնում ենք միջոցառումներ, որոնք տարածվելու են ժամանակի մեջ, դառնալու են ավանդական, դրանք չեն կարող սահամնափակվել մեկ տարով, ինչպես Հայոց ցեղասպանությունը չի սկսվել ու ավարտվել մեկ օրում»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

 

Ամբողջ 2015-ի ընթացքում Հայաստանում և արտերկրում կկազմակերպվեն գիտական, կրթական, մշակութային, քաղաքական բնույթի լայնամասշտաբ միջոցառումներ' ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: