Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ, Ծիեռնակաբերդում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած Համահայկական հռչակագիրը շատ կարեւոր նախաձեռնություն է, որով հստակեցվեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հոգեբանական պատնեշը հաղթահարել ենք եւ միջազգային ճանաչումից անցնում ենք պահանջատիրության փուլին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որպեսզի հռչակագիրը հստակ ազդեցություն ունենա, հաջորդ քայլը պետք է լինի հայ-թուրքական արձանագրությունները մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանից ետ կանչելը: «Որպեսզի հռչակագիրը չմնա զուտ որպես տեքստ եւ չընկալվի որպես ներքին սպառման համար արված հայտարարություն' անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանից ետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները»,- ասաց Շաքարյանը' հավելելով, որ թուրքական կողմը դեռեւս համարժեք ձեւով չի արձագանքել հ ռչակագրին:
Միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Գեւորգյանը նշում է, որ հռչակագրի հրապարակումը եւ իրավական ճանապարհով հարցի լուծումը դարձել էր անհրաժեշտություն: Նրա գնահատմամբ, հայկական կողմը տարբեր հարցերի առնչությամբ կարող է դիմել միջազգային տարբեր ատյաններ: «Օրինակ, գույքային հարցերի համար հայկական կողմը կարող է դիմել Թուրքիայի սահմանադրական դատարան, որտեղ մերժում ստանալուց հետո հարցը հնարավոր է քննել արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Փակ սահմանի հարցով Հայաստանը նույնպես կարող է դիմել դատարան, քանի որ Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են դեպի ծով ելք չունեցող երկրների մասին կոնվենցիան, եւ սահմանը փակելով' Թուրքիան խախտում է այդ կոնվենցիայի դրույթները: Ինչ վերաբերում է տարածքային փոխհատուցմանը, ապա այս առումով առավել անհրաժեշտ է քաղաքական կամք եւ քաղաքական վճիռ»,- ասաց նա:
Արտակ Շաքարյանի գնահատմամբ, ՄԻԵԴ-ում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով դատաքննությունը կարող է փորձաքար հանդիսանալ Հայոց ցեղասպանությունը իրավական տիրույթում հաջողության հասնելու համար: «Փերինչեքի դատավարությունը փորձաքար է եւ կարող է նախադեպ հանդիսանալ եվրոպական դատարանում հետագայում նմանօրինակ գործերի քննման եւ լսումների ժամանակ: Հետեւաբար, այդ գործի վճռից նույնպես շատ բան է կախված»,- ասաց նա:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հուշահամալիրում տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը, որը միաձայն ընդունվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և, ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի ՄԱԿ գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի ՀՀ ազգային արխիվ: