Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին: Փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը, և կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել անվանի գրողի հոբելյանը:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հանձնաժողովի անդամները տարբեր միջոցառումներ կազմակերպելու առաջարկներ են ներկայացրել: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 12-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ հուշ-ցերեկույթով և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև մեծանուն գրողի հիշատակին նվիրված մ իջոցառման անցկացում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վավերագրական ֆիլմի և արխիվային ֆիլմերի ցուցադրություն և այլն:

 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է մշակույթի նախարարին ամփոփել հնչեցված առաջարկները և միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը ներկայացնել վարչապետին: