Ազգային ժողովում կրկին քննարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծը:

 

Ազգային ժողովը մինչև հուլիսի 1-ը հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում պարտադիր փաստաթղթավորման պահանջը: Համապատասխան նախագծին կողմ քվեարկեց 75, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 40 պատգամավոր:

 

Գլխավոր զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը շնորհակալություն հայտնեց Խորհրդարանին՝ լայնածավալ քննարկումների համար.

 

«Մենք ականատես եղանք խնդրի կարգավորման ուղղությամբ տարբեր առաջարկների, շատ հաճախ այդ տարբերակները բովանդակային առումով տարբերվում էին միմյանցից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այս օրենքի անհրաժեշտությունը»,- ասաց Միրումյանը՝ կառավարության անունից պատրաստակամություն հայտնելով հաշվի առնել Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի առաջարկությունները:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու.

«ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ ժամանակը ձգելը հարցի լուծում չէ, մենք կողմ չենք կարող կողմ քվեարկել ժամանակ ձգելուն, սակայն դեմ էլ չենք կարող քվեարկել, քանի որ «դեմ»-ի դեպքում կմնա վատ տարբերակը, ուստի ձեռնպահ կքվեարկենք»,- ասաց նա:

 

««Ժառանգություն» խմբակցությունը ևս ձեռնպահ է քվեարկելու»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ նշելով, որ դա կապված է այն բանի հետ, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետի հետ քննարկման արդյունքում եկել են համաձայնության, որ երկշաբաթյա ժամկետում իրենք պետք է խորհրդարանի քննարկմանը ներկայացնեն «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ նոր նախագիծ:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ իրենք էլ ունեն նույն մտահոգությունը և կողմ ենք քվեարկում:

 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վարման կարգով խոսելով՝ նկատեց, որ ԱԺ նախագահի մոտ բոլոր քաղաքական ուժերով վարչապետի հետ այն քննարկման են հանգել, որ առաջիկա երկու շաբաթում լուծում խնդրի լուծում կլինի, ուստի ձեռնպահ կքվեարկեն:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց.

 

«Պատկերացնում եք՝ ՀՀԿ-ն էլ որոշի ձեռնպահ քվեարկել… Մենք կողմ ենք քվեարկում, որպեսզի ձեզ հնարավորություն տանք հետագա քննարկումներին մասնակցելու»,- ասաց նա:

 

«Ապացուցեցիք, որ հիմնական պատասխանատուն ՀՀԿ-ն է»,- դիմելով Խորհրդարանին՝ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Օրենքի նախագծին ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: