Մեծ Բրիտանիայի Cancer Research UK ուռուցքաբանական հետազոտական կենտրոնի փորձագետները նախազգուշացնում են, որ յուրաքանչյուր երկրորդ մարդը ենթակա է քաղցկեղով հիվանդանալու վտանգին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել է Telegraph հրատարակությունը՝ հղում անելով կենտրոնին, այս կանխատեսումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ծնվել են 1960 թվականից հետո, և բացատրվում է մարդու կյանքի միջին տևողության ավելացմամբ: Փորձագետները նաև նշում են, որ ապագայում հիվանդացածների բաժինը կարող է զգալիորեն մեծանալ:

 

«Քաղցկեղն առավելապես այն հիվանդությունն է, որը մարդու մոտ ի հայտ է գալիս առաջացած տարիքում, քանի որ դեպքերի 60 տոկոսը դիտվում է 65-ից բարձր տարիքի անձանց մոտ: Եթե մարդիկ երկար ապրեն, ապա որոշակի պահի քաղցկեղ կառաջանա մեծամասնության մոտ»,-հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Փիթեր Սասինին:

 

British Journal of Cancer-ի հրապարակած տվյալների համաձայն, 1960 թվականից հետո ծնված տղամարդկանց 53,5 տոկոսը կյանքի ընթացքում ենթակա են քաղցկեղով հիվանդանալու վտանգին: 30 տարի առաջ ծնված արական սեռի անձանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 38,5 տոկոս: Նման դինամիկա է դիտվում նաև կանանց շրջանում, որտեղ նույն այդ ժամանակաշրջանում ցուցանիշը 36,7 տոկոսից հասել է 47,5 տոկոսի:

 

Մինչդեռ փորձագետները նշում են, որ քաղցկեղի առաջացման դեպքերի ավելի քան 30 տոկոսը կարող է պայմանավորված լինել վնասակար սովորություններով և ոչ ճիշտ կենսաձևով: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ գիտնականները պնդում են, որ եթե մարդու կյանքի տևողությունը շարունակի ավելանալ, իսկ վնասակար սովորությունները չվերացվեն, ապա երեխաների մեծ մասին ապագայում կարող է ուռուցքային հիվանդություն սպառնալ: