Աշխարհը բավական լավ է հասկանում Թուրքիայի մոտեցումը և քաղաքական հաշվարկը Հայոց ցեղասպանության հարցով, սակայն թուրքագետ Լեւոն Հովսեփյանն այդ երկրի քաղաքականության իրական նպատակների քողազերծման համար լրացուցիչ ջանքերի անհրաժեշտություն է տեսնում: Վառ օրինակ է Չանակկալեի (Գալիպոլի) ճակատամարտի հոբելյանի օրվա տեղափոխությունը ապրիլի 24: «Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն իր ուղերձներով, դիվանագիտական և մեդիախողովակներով աշխարհին ցույց տա համաշխարհային հանրության առջև Հայոց ցեղասպանության տարելիցի նշանակությունը սահմանափակելու և նվազեցնելու Թուրքիայի իրական նպատակները»,- փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

 

Խոսելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝ թուրքագետը նշեց, որ Հայաստանը և ողջ հայությունը ստանձնում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև ամբողջ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկների դերը, որը բավական կարևոր է: Եվ այստեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ միայն որպես պետություն, այլ նաև հավաքական առումով՝ ողջ հայություն:

 

«Բացի բազմաթիվ միջոցառումներից և իրականացվող ծրագրերից, Ցեղասպանության 100-րդ տարելիցով հիմք է դրվում ողջ հայ ժողովրդի հետագա անելիքների և գործողությունների ուղենիշային մի նոր հանգրվանի: Այսինքն, 100-րդ տարելիցը նոր մի հանգրվան է Հայոց ցեղասպանության հետ կապված անելիքների, քաղաքականության և վերջ ի վերջո պահանջատիրության հետ կապված ռազմավարությունը և տեսլականը հստակեցնելու, ավելի ամրապրդելու առումով», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Լեւոն Հովսեփյանը:

 

Խոսելով միջազգային արձագանքների մասին, նա ասաց, որ որքան գործ ունենանք հարյուրերորդ տարելիցի հարցերի հետ, կրկին կհանդիպենք քաղաքական շահերի գերակայության: «Այստեղ պետք է ըմբռնումով մոտենանք, քանի որ գործ ունենք միջազգային կարևորություն ունեցող հարցի հետ, որը կապված է միջազգային գործընթացների և միջպետական հարաբերությունների հետ: Այս պարագայում միգուցե տարբեր երկրների կողմից մենք ականատես լինենք այնպիսի վերաբերմունքի, որը չի տեղավորվում ոչ համամարդկային արժեքների, ոչ բարոյականության համատեքստում: Այդ առումով մենք պետք է պատրաստ լինենք դրան, քանի որ շատ երկրներ կշարունակեն ընթանալ իրենց պետական շահերով և չեն ցանկանա այս հարցում նոր խնդիրներ ստեղծել իրենց համար», - նկատեց Լեւոն Հովսեփյանը:

 

Տասնամյակներ շարունակ Թուրքիայում մարտի 18-ին նշում են Գալիպոլիի (Չանակկալե) ճակատամարտի հիշատակման օրը, սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ի պատասխան այս տարի թուրքական տոնացույցում այն տեղափոխվել է ապրիլի 24: