««Ուլիսի» կազմում փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ, այդ թվում և պաշտպան Շամիլ Կուրբանովը: Ազգությամբ դաղստանցի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող այս ֆուտբոլիստը, ինչպես և շատ այլ ֆուտբոլիստներ, ժամանել էր Անթալիա՝ մեր թիմի կազմում փորձարկվելու համար: Թիմի կազմում մեկ հանդիպում անցկացնելուց հետո, Կուրբանովը հեռացավ «Ուլիսից», և ակումբը դաղստանցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու միտք էլ չի ունեցել:
Միայն դրանից հետո պարզ դարձավ, որ Կուրբանովը ժամանակին հանդես է եկել Ադրբեջանի պատանեկան հավաքականում:
«Ուլիսն» Անթալիայում շատ ակտիվ սելեկցիոն աշխատանք է կատարում ու ֆուտբոլիստներին փորձարկելով նախ և առաջ ուզում է ուժեղացնել թիմի կազմը: Իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստ մեր թիմի կազմում, բնականաբար, հանդես գալ չի կարող՝ հասկանալի պատճառներով:
«Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Օգանեսյանը, մամուլի ծառայության հետ հարցազրույցում նշել է. «Մենք Կուրբանովին գիտենք՝ որպես դաղստանցի ֆուտբոլիստ և նա Ռուսաստանի Դաշնության անձնագրով է ներկայացել մեզ: Փորձաշրջանից հետո նա արդեն «Ուլիսում» չէ: Միայն դրանից հետո պարզվեց, որ նա ժամանակին խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում»:
Նշենք, որ ավելի վաղ Կուրբանովն azerisport.com-ին տված հարցազրույցում նշել է.
«Իմ վերջին այցն Ադրբեջանի երիտասարդական հավաքական, ինձ շատ է վշտացրել, ինձ վշտացրել է մարդկանց վերաբերմունքը և մարզչական շտաբի ներկայացուցիչների պահվածքը: Գիտեմ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին: Հարգում եմ երկու ժողովուրդներին էլ: Ես այդ կոնֆլիկտի մասնակից չեմ, ես ընդամենն ուզում եմ ֆուտբոլ խաղալ: Քաղաքական գործիչ չեմ, պարզապես Ռուսաստանի հասարակ քաղաքացի եմ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է sport.day.az-ը: