Անկարան, վախենալով, որ հայկական լոբբին կարող է ճնշում գործադրել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի արարողություններին մասնակցելու Թուրքիայի հրավերն ընդունած տարբեր երկրների ներկայացուցիչների վրա, գաղտնի է պահում նրանց ցուցակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է turkiyegazetesi լրատվական կայքը:
Կայքը հայտնում է, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարելիցի միջոցառումներիը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը' ապրիլի 24-ին նշելու Անկարայի որոշումը ոտքի է հանել հայկական լոբբին, որը մտադիր է հարված հասցնել այդ միջոցառումներին:
«Նման տեղեկություն ստացած Անկարան գաղտնի է պահում Դարդանելի մարտերի 100-ամյակի միջոցառումների եւ դրանց իրենց մասնակցությունը հաստատած անձանց անունները, ինչը մինչեւ վերջին պահը չի հրապարակվելու», -գրել է կայքը:
Կայքը հայտնել է, որ հայկական լոբբին այժմ իբր քայլեր է ձեռնարկում, որպեսզի օտարեկրյա երկրների բարձր մակարդակով հնարավորիս փոքր թվով պատվիրակություններ մասնակցեն Գալիպոլիի միջոցառմանը:
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գալիպոլիի միջոցառմանը պաշտոնական հրավեր է ուղարկել աշխարհի 102 երկրների նախագահներին, այդ թվում' Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին, ով մերժել է այն: ՀՀ Նախագահն ավելի վաղ Էրդողանին հրավեր էր ուղարկել' այս տարի Երեւանում մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի եւ նահատակների ոգեկոչման արարողություններին, ինչին նա չէր պատասխանել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակն այդ առնչությամբ հայտարարել է, որ Թուրքիայի մասնակցությունը Երեւանի միջոցառումներին «քիչ հավանական» է: