Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորները հանդիսավոր երդում են տվել Բելառուսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, արարողությանը ներկա են եղել Բելառուսում Հայաստանի, Հուսաստանի և Ղազախստանի դեսպանները, ինչպես նաև Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը:

 

Հայաստանից դատարանի դատավորներ են Արմեն Էդուարդի Թումանյանը և Էռնա Վլադիմիրի Հայրիյանը, Բելառուսից' Դենիս Կոլոսը և Ալեքսանդր Ֆեդորցովը (դատարանի նախագահ), Ղազախստանից' Վեներա Սեյտիմովան և Ժոլըմբերտ Բաիշևը, Ռուսաստանից' Կոնստանտին Չայկան և Տատյանա Նեշատաևան:

 

Դատավորների աշխատանքի մեկնարկի կապակցությամբ նրանց շնորհավորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ, Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշևսկին: «2015 թվականի հունվարի 1-ին մենք հսկայական քայլ արեցինք առաջ' ստեղծելով ԵՏՄ-ն: Ինչպես ցանկացած լուրջ ինտեգրացիոն կառույց, այն դեռ կատարյալ չէ, այդ իսկ պատճառով դատարանի դերն այստեղ չափազանց կարևոր է»,- իր խոսքում նշել է նա:

 

Ֆեդորցովը լրագրողներին հայտնել է, որ դատարանը դեռևս չի ստացել բողոքներ, քանի որ դրանց փոխանցման պարագայում անհրաժեշտ են որոշակի նախնական դատական գործընթացներ, որոնք տևում են շուրջ երեք ամիս: