Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

«Կուսակցության գործադիր մարմնի անդամնենը քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՀ Նախագահի գնահատականները և արձանագրել, որ համամիտ են Նախագահի գնահատականների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

 

Նա ընդգծեց, որ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՀ Նախագահի գնահատականները քիչ անց քննարկման կդրվեն նաև կուսակցության խորհրդի նիստում, որից հետո կլինեն ելույթներ, քվեարկություններ և խորհուրդը կհրապարակի իր որոշումը: «Պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ծրագրային ելույթ է ունենալու»,- հայտնեց ՀՀԿ խոսնակը:

 

 

Հարցին' խորհրդի նիստում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում լինելո՞ւ է, Շարմազանովը պատասխանեց, որ խոսքը չի վերաբերում սահմանադրական բարեփոխումներին, այլ ավելի լայն սպեկտրի՝ ներքաղաքական գնահատականների, ներքաղաքական զարգացումների մասին:

 

«Խոսքն այն մասին է, որ Հայաստանում պետք է ձևավորվի նորմալ քաղաքական մշակույթ, քաղաքականությամբ զբաղվեն մի այն քաղաքական գործիչները, և ցանկացած ոչ քաղաքական գործելակերպ չի կարող լինել քաղաքական մշակույթի մաս»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը: