Գավառ քաղաքի «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նվիրատվության յուրօրինակ քայլ է նախաձեռնել՝ ուղղված սահմանամերձ Չինարի գյուղի 0-18 տարեկան բոլոր 145 երեխաներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարեգ» ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը, նվիրատվության ձեռնարկն իրականացվում է Չինարիի գյուղապետարանի հետ համագործակցությամբ եւ Գավառի պետական ու հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների մասնակցությամբ: «Անցած աշնանը «Գեղարեգի» դպրոցահասակ տարիքի կամավորների հետ եղանք սահմանամերձ Չինարիում: Առաջին իսկ շփումից որոշեցինք հաստատել տեղի երեխաների հետ տեւական համագործակցութ յուն ու բարեկամություն: Չինարիի մինչեւ18 տարեկան երեխաների ցուցակն արդեն մեզ տրամադրել է գյուղապետարանը: Համաձայն մեր նախաձեռնության՝ յուրաքանչյուր կազմակերպություն կամ քաղաքացի, ով ցանկանում է նվերներ հանձնել Չինարիի երեխաներից որեւէ մեկին, պատրաստում է նվերի անվանական արկղ, որտեղ դնում է հագուստ, գրենական պիտույք, քաղցրավենիք, սննդամթերք, խաղալիք… Արկղը տեղ է հասցվելու մեր կազմակերպության միջոցով: Մեր նախաձեռնությանն արագորեն եւ պատրաստակամ արձագանքել են հանրակրթական հաստատություննները, պետական հիմնարկները, անհատ քաղաքացիները: Հինգ օրվա ընթացքում արդեն պատրաստվել է 135 արկղ, իսկ տարբեր տեղերից շարունակում ենք ստանալ մեր նախաձեռնությանը միանալու արձագանքներ»,-նշեց Գրիգոր Դաշտոյանը:
Ըստ նախաձեռնության հեղինակի, Չինարիի ու Գավառի դպրոցահասակ երեխաների կապը մշտապես պահպանելու համար որոշվել է հաստատել նամակագրություն, որը պետք է տեղ հասցվի փոստային ծառայության միջոցով՝ նպատակ ունենալով վերականգնել փոստային նամակագրության նախկին ձեւը:»Գեղարեգի» հաջորդ ծրագրված նախաձեռնության համաձայն՝ այս ամռանը Չինարիի դպրոցահասակ երեխաների համար կկազմակերպվի ամառային հանգիստ Գեղարքունիքի մարզի հանգստյան գոտիներից մեկում:
Խոսրով Խլղաթյան