Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մեղավոր է ճանաչել Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի 25-ամյա բնակիչ Ավիկ Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-253-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտել է մեկամսյա կալանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է տեղեկացնում դատական տեղեկատվական համակարգը:
Աշոտ Պետրոսյանը մեղադրվում էր նրանում, որ 2013թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:43-ից մինչև 22:52-ն ընկած ժամանակահատվածում, իր տանը գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն, համակարգչային սաբոտաժ կատարելու դիտավորությամբ, համակարգչում դեռևս 2013թ. սեպտեմբերի 19-ին իր կողմից տեղադրված ինտերնետ կայքերի խոցելի մասերի հայտնաբերման (սկանավորման) համար նախատեսված ծրագրային ապահովման միջոցով, կոդի ներդրման հարձակման եղանակով համացանցի www.auto.am կայքին ուղարկել է թվով 1592 հարցում, որով ծանրաբեռնել է կայքի աշխատանքը, սակայն իր կայքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը՝ ուղեփակել կայքը և բերել այն ոչ պիտանի վիճակի:
Հարձակումը կանխվել է www.auto.am կայքի կիբերանվտանգությունն ապահովող «Սայբեր Գեյթս» ընկերության կողմից: Մինչև դատաքննությունն սկսելը ամբաստանյալը համաձայնվել էր մեղադրանքի հետ և միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, որը բավարարել էր: