Սիրո տարածման ու պահպանման գաղափարին նվիրված Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկը տրված է: «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը: Երևանում ամենամյա կինոտոնն այս տարի կինոսերներին կհամախմբի փետրվարի 14-20-ը:

 

Ֆիլմերի սիրահարները կդիտեն բազմաբնույթ և յուրահատուկ ֆիլմեր, որոնց առանցքում հենց սերն է: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը հույս հայտնեց, որ փառատոնի մասնակիցները բավականություն կստանան այս օրերի ընթացքում: «Ֆիլմերը սիրո մասին են: Սեր, որը հաղթահարում է հաշմանդամությունը, ռասայական խոչընդոտները, սեր, որը կարող է լինել գաղտնի և կործանարար, հիասքանչ և վերափոխիչ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց դեսպան Քեթի Լիչը:

 

 

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ ընկերությունն արդեն երրորդ տարին աջակցում է փառատոնի կայացմանը: «Ամեն տարի փառատոնային ծրագիրն ավելի ու ավելի հետաքրքիր է, և մեծ է հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ: Ես դեռ չեմ դիտել ոչ մի ֆիլմ, և ինձ համար առավել հետաքրքիր կլինի դա անել»,-նշեց Պյատախինը՝ կարևորելով, որ բրիտանական ֆիլմեր կցուցադրվեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

 

 

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ընդգծեց, որ փառատոնը սիրելի է դարձել բոլորի համար: «Մեր մասնակիցների թիվը տարեցտարի աճում է: Հաճախ նույնիսկ դահլիճում տեղ չի լինում: Այս տարի որոշել ենք յուրաքանչյուր ֆիլմը երեք անգամ ցուցադրել, որպեսզի հանդիսատեսը գա և մասնակցի փառատոնին»,-նշեց նա:

 

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն էլ ընդգծեց, որ ամեն տարի բրիտանական փառատոնը մի նոր թեմա է առաջ բերում: «Սիրո թեման շատ խորհրդանշական է, որովհետև բոլորս էլ գիտենք, որ գեղարվեստական ստեղծագործություններում ինչ-որ տեղ մենք հանդիպում ենք սիրո թեմային՝ որպես կյանքի շարժիչ ուժ: Բոլորս գիտենք, որ մեր կյանքում մենք փնտրում ենք հենց սեր, որը պիտի որևէ գործողության համար դրդապատճառ հանդիսանա»,-նշեց նա:

 

 

Փառատոնը բացվեց «Օսկար» մրցանակաբաշխության ութ անվանակարգերում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: Արդեն իսկ մի շարք մրցանակների արժանացած պատմական դրաման անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին է, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Կինոնկարի գլխավոր դերերում հանդես է գալիս անվանի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը, ով հենց մարմնավորել է Ալանին: Կինոնկարում խաղում են նաև դերասաններ Քիրա Նայթլին, Մեթյու Գուդը, Չարլզ Դենսը, Մարք Սթրոնգը և այլք:

 

Այս տարի հանդիսատեսը կդիտի 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Կինոսերները հնարավորություն կունենան դիտել հնարավոր բոլոր ժանրերի ֆիլմեր՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ՝ ընտանեկան հարաբերություններ, սուցիալական խնդիրներ և, իհարկե, սեր: Կինոնկարները կցուցադրվեն ինչպես անգլերեն, այնպես էլ թարգմանությամբ: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

 

 

Փետրվարի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Առաջին աշխարհամարտի հարյուրամյակին։ Նշանավորելով Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը՝ կատակերգությունների, արկածային ֆիլմերի, ուղեգրությունների և կինոժամանակագրության փառահեղ խառնուրդը վերստեղծում է 1914-ին բնորոշ երեկոն կինոթատրոնում: Կինոն մեկ դար առաջ նոր, հետաքրքիր և զվարճանքի մեծ ժողովրդականություն վայելող տեսակ էր:

 

Կինոթատրոնը Մեծ Բրիտանիայում աշխույժ միջավայր էր, ուր մարդիկ հանգստանում էին և փախչում առօրյա հոգսերից: Գեղարվեստական ֆիլմեր հազվադեպ էին ներկայացվում, ծրագիրը ժամանցային էր՝ կարճամետրաժ ֆիլմերի անընդհատ փոփոխվող անվանացանկով ու կենդանի երաժշտական նվագակցությամբ:

 

Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն նաև մարզերում։ Կինոնկարներ կցուցադրվեն Դիլիջանում, Արմավիրում, Արարատում: