Մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացրել են 2015 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերում նախատեսված աշխատանքների ծրագիրը, որն ամբողջացվել է Երևանի քաղաքապետարանում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների նորոգման ծավալները կգերազանցեն 2014 թվականի ցուցանիշները:

 

 

Կնորոգվեն հարթ և թեք տանիքներ, ջրթափ խողովակներ, վերելակներ, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցեր, շքամուտքեր, նորերով կփոխարինվեն հարկաբաժինների կոտրված կամ բացակա ապակիներ, կտեղադրվեն մուտքերի, տանիքների և նկուղների դռներ, կծավալվեն նաև ներքին խողովակաշարերի ջերմամեկուսացման աշխատանքներ:

 

 

Ելնելով բարենպաստ եղանակից' հարթ և թեք տանիքների նորոգման, ինչպես նաև որոշ այլ ուղղություններով աշխատանքներն արդեն մեկնարկել են: