Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն արժանացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «Ֆրանցիսկ Սկորինայի» շքանշանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հայտնում է BelTA լրատվական գործակալությունըˋ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Շքանշանը տրվել է մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդման, տեղեկատվության և հրատարակչության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև արտերկրում բելառուսական մշակույթը և գրականությունը հանրահռչակելու համար:

 

Նախագահի կողմից շքանշանների են արժանացել նաև Մոլդովայի արվեստագետների միության անդամ Վյաչեսլավ Իգնատենկոն և Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղեկատվության, գովազդի և հրատարակչական գործի վարչության հրատարակչության բաժնի ղեկավար Չինգիզ Ալիևը:

 

Շքանշանն անվանվել է բելառուս հրատարակիչ Ֆրանցիսկ Սկորինայի պատվին, ով առաջիններից մեկն է Կիրիլյան այբուբենով գիրք հարատարակել: Շքանշանը տրվում է 1995 թվականի ապրիլի 13-ից արվեստի, գրականության, պատմական գիտությունների բնագավառներում կատարած աշխատանքների համար: