Պատմության իմացությունը թույլ կտա, որ այն երբևէ չկրկնվի. այս մասին Sacramento Bee պարբերականում հրապարակված հոդվածում գրել է Դևիդ Մաս Մացումոտոն: Վերջինս Բերկլիի համալսարանի շրջանավարտ է, շատ գրական ստեղծագործությունների հեղինակ, ինչպես նաև Ջեյմս Բերդի անվան գրի և գրականության մրցանակի թեկնածու: Մացումոտոն փորձել է զուգահեռներ տանել Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԱՄՆ-ում բնակվող ճապոնացիների նկատմամբ կիրառված բռնությունների և Առաջին աշխարհամարտին թուրքերի կողմից հայերին ոչնչացնելու փորձերի միջև:

 

 

«Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ճապոնական ծագում ունեցող ամերիկացիները բռնի կերպով լքել են իրենց տները և ներառվել են տարհանվածների ճամբարներում: Իմ ընտանիքը տարիներ է անցկացրել փշալարերի այն կողմում, քանի որ նրանք նման էին թշնամուն»,- գրում է Մացումոտոն, ով մեծացած լինելով հայաշատ Կալիֆորնիայի հովտում, ճանաչում է շատ հայերի և զուգահեռներ է տանում նրանց հետ կատարված դեպերի միջև:

 

 

Նա նշում է, թե ինչպես Առաջին աշխարհամարտի տարիներին պատերազմի մեջ որպես Գերմանիայի դաշնակից մտած Թուրքիան սկսեց դիտարկել հայերին որպես ռուսների դաշնակից: «Զանգվածային ոչնչացման և կոտորածների դեպքերը շարունակվեցին շուրջ տասը տարի»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշում է Մացումոտոն՝ փաստելով, որ թուրքական կողմի գործողությունները հիմք դրեցին քսաներորդ դարի առաջին ցեղասպանության, որի ժամանակ սպանվեցին 1,5 միլիոն հայ: Նա կոչ է անում ընթերցողներին «ճանաչել պատմությունը, որպեսզի այն երբևէ այլևս չկրկնվի»: