Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը պայմանավորված է ոչ թե արձանագրությունների բովանդակության կամ դրանց նկատմամբ հայկական կողմի մոտեցումների փոփոխմամբ, այլ այն դիրքորոշմամբ, որն ունի թուրքական կողմը, որն էլ նախապայմանների առաջքաշմամբ գործընթացն առաջ տանելու տապալման պատասխանատվությունն է կրում: Տեսակետը միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանինն է:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քոչարյանը տեսակետ է հայտնում, որ թեպետ ժամանակին արձանագրությունները բուռն քննարկումների ու բանավեճի առիթ հանդիսացան, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից, գնահատելով բովանդակությունը, կարծում է, որ այնտեղ մտահոգիչ խնդիրներ չկան:

 

«Երկու ոլորտ էին, որ գտնվում էին հասարակության ուշադրության կենտրոնում. արձանագրություններում առկա պայմանագիրը երկու երկրների սահմանների առնչությամբ եւ տարբեր հանձնաժողովների, այդ թվում' պատմաբանների, ձեւավորումը: Սակայն եթե առարկայական եւ ուշադիր նայենք բուն տեքստին եւ գնահատենք փաստաթուղթը միջազգային իրավունքի տեսանկյունից, հայ հասարակության մտահոգությունները չափազանցած են: Սահմանների հիշատակումը արվել է փաստաթղթի նախաբանում: Հայ-թուրքական արձանագրությունը միջազգային պայմանագիր է, եւ հարցերը կանոնակարգվում են Վ իեննայի համապատասխան կոնվենացիայով, համաձայն որի հստակ ամրագրված է, որ միջազգային պայմանագրերի նախաբանները միջազգային իրավական նորմեր չեն սահմանում: Դրույթները չեն կարող կողմերի համար իրավունք եւ պարտականություն համարվել»,- ասաց Վիգեն Քոչարյանը:

 

Նա նշում է, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը միջազգային պայմանագրերի վերաբերյալ իրավահաջորդություն չի ստանձնել,եւ այս առումով Հայաստանի համար միջազգային պայմանագրեր են հանդիսանում նրանք, որոնք վավերացվել կամ հաստատվել են: «Այդ ցանկում Կարսի կամ այլ պայմանագրեր Հայաստանի կողմից վավերացված չեն: Ինչ վերաբերում է հանձնաժողովների ձեւավորմանը, այդ հարցը յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել հօգուտ իրեն, բայց համաձայնվեք, որ եթե անհրաժեշտություն լինի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն եւ առաջ գան բազմաթիվ խնդիրնե ր, ապա անհրաժեշտ կլինի պատմաբանների ներգրավում ոչ թե ցեղասպանության իրողությունը քննարկելու, ինչպես բազմիցս հայտարարել են մեր իշխանությունները, այլ ուրիշ հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն»,- ասաց Քոչարյանը' հավելելով, որ այդ համատեքստում կարող են լինել գործընթացներ, որոնք վերաբերում են հայկական ունեցվածքը, հայկական կառույցները, գույքը վերադարձնելուն եւ այլ հարցերի, որոնց փաստական հանգամանքները ուսումնասիրելո համար նմանատիպ հանձնաժողովի անհրաժեշտություն կա:

 

Փետրվարի 16-ին Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: