Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղի ունեցավ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար քաղաքային հասարակական տրանսպորտի ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագրի շնորհանդեսը:

 

 

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականին հանձնարարել էր վերելակներով կահավորել քաղաքային հասարակական տրանսպորտի 10 ավտոբուս: Սովորաբար, այդպիսի վերելակները նախատեսված են 10 մետր երկարությամբ ավտոբուսների համար:

 

 

Մենք ընտրել ենք 5 երթուղի' առաջնորդվելով այն սկզբունքով, որ Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներ ունեցող մարդիկ քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն ունենան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և հավելեց, որ թիվ 3 երթուղին կգործի Քանաքեռ-Զեյթուն-Արաբկիր-Կենտրոն ուղղությամբ« թիվ 20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, համար թիվ 22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, թիվ 28 երթուղին Քանաքեռ-Զեյթունից Նոր Նորքով կձգվի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն, իսկ թիվ 35 երթուղին Նոր Նորքից կուղևորվի Կենտրոն, այնուհետ նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ:

 

 

Նա նշեց, որ ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված է տվյալ երթուղիների դիսպետչերական ծառայության (010) 67-44-28 հեռախոսահամարը, որպեսզի շահառուները կարողանան զանգի միջոցով տեղեկություն ստանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին: «Այս տարի մենք նախատեսում ենք ևս 10 ավտոբուսներ կահավորել նմանատիպ վերելակներով և այդ նպատակի համար մենք Երևանի համայնքային բյուջեից հատկացնելու ենք ևս 30 միլիոն դրամ»,- ընդgծեց Հենրիկ Նավասարդյանը:

 

 

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հույս հայտնեց, որ երևանցիները կօժանդակեն ավտոբուսներով տեղաշարժվող հատուկ կարիքներով քաղաքացիներին, թեև վերելակները ընձեռում են ավտոբուսում ինքնուրույն հայտնվելու հնարավորությունը: «Այս նախաձեռնությունը պետք է դիտարկել նաև «Ավելի մատչելի Երևան» ծրագրի մի մաս, և պետք է նշեմ, որ ընտրված 5 երթուղիները, ինչպես նաև սպասարկման ժամային միջակայքերը, համաձայնեցվել են հասարակական կազմակերպությունների հետ»,- ընդգծեց նա:Նրա խոսքով' վերելակները կարող են տեղափոխել մինչև 350 կիլոգրամ ծանրություն:

 

 

«Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը նշեց, որ վերելակներով կահավորված ավտոբուսների շահագործումը նշանակալի իրադարձություն է: «Երևանի քաղաքապետարանը կատարեց իր խոստումը, և որոշակի տեխնիկական խնդիրների լուծումից հետո այս 10 ավտոբուսները շահագործման հանձնվեցին:

 

 

Սա լավ փորձ է հետագայում ավելի մեծ ծավալով հարմարեցման աշխատանքներ կատարելու համար, որովհետև սա նոր փորձ է և' մեզ, և' քաղաքապետարանի համար: Մենք պետք է աշխատենք ավելի շատ ավտոբուսներ հարմարեցնենք հատուկ կարիքներ ունեցող անձանց համար ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, որը նույնպես շատ կարևոր և հրատապ լուծում պահանջող խնդիր է»,- նկատեց նա: