2013 թվականի սեպտեմբերից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի, Արեն և Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով քրեական գործի դատաքննությամբ ապացուցվեց, որ հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում՝ այն էլ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ:

 

Այդ հանգամանքը հաստատվել է նաև գործում առկա երկու դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից առաջինով, ըստ որի՝ տուժողի մահը վրա է հասել մեկ հարվածի հետևանքով: Իսկ դատաբժշկական հանձնաժողովը երկրորդ եզրակացությամբ բացառել է մահվան առաջացումը մեկ հարվածից կամ մեկ ներգործությունից՝ նշելով, որ տուժողի մարմնի վրա հարվածները բազմակի են եղել՝ նման հետևության հանգելով բացառապես անորակ, ոչ մասնագետի կողմից արված և անհայտ ծագման լուսանկարներով, որոնք, անհասկանալի է ընդհանրապես, ինչպես են հայտնվել փորձագետների մոտ:

 

Դատաքննության ավարտին՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ին, դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարությանը: Նույն օրը դատարանն իր որոշումը ուղեկցական գրությամբ գործի նյութերի հետ ուղարկեց նախարարությանը՝ խնդրելով փորձաքննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում: Նախարարն էլ 2014 թվականի նոյեմբերի 20-ի՝ հանձնաժողովային փորձաքննության կազմը հաստատելու իր որոշման մեջ էր առանձին կետով հանձնաժողովի նախագահին հանձնարարական տվել փորձաքննության սեղմ ժամկետների վերաբերյալ:

 

Փորձաքննության գործընթացի սկիզբը նախարարի հիշյալ հրամանի օրվանից հաշվարկելու դեպքում ստացվում է արդեն երկուսուկես ամիս է՝ պաշտպանական կողմը ծանուցված չէ փորձաքննության կատարման օրվա, տեղի և ժամի մասին: Այս երկարաձգումն անհանգստացնում է մեղադրյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանին, քանի որ նրա պաշտպանյալները կալանքի տակ են արդեն 2 տարի 12 օր: Պաշտպանական կողմը թեև ամբողջությամբ համամիտ չէր առաջին փորձաքննության եզրակացության դրույթներին, բայց չէր էլ վիճարկում այն: Իսկ երկրորդ դատաբժշկական փորձաքննություն վերաբերյալ դեռևս մինչդատական վարույթում էր դիրոքորշում հայտնում, որ այն ուղղակի փաստաթուղթ է կամ թուղթ, որը չի կարող որպես եզրակացություն գնահատվել: «Երկրորդն ակնհայտ սխալ, ակնհայտ անհիմն եզրակացություն է, կարելի է ասել նոնսենս, որովհետև փորձագետների հանձնաժողովը եզրակացություն է տվել՝ հիմնվելով անհայտ ծագման, անհայտ անձի, անորակ լուսանկարների վրա, նույնիսկ դրանց մի մասի պատկանելությունն է անհայտ կամ թե ինչպես են հայտնվել փորձագետների մոտ: Եթե հարցնեք ցանկացած իրավաբանական բուհի առաջին կուրսի ուսանողի՝ արդյոք հնարավո՞ր է լուսանկարով որոշել մարմնական վնասվածքի բնույթ, տեղակայում, առաջացման մեխանիզմ, վաղեմություն, ծանրության աստիճան, բնականաբար նույնիսկ ծույլիկ ուսանողը կասի, որ այդպիսի բան չի կարող լինել:

 

Ես չեմ ուզում հավատալ, որ երկրորդ հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետները այդ ծույլիկ ուսանողի կրթական մակարդակը անգամ չունեն, որովհետև ակնհայտ է, որ ունեն, ու հենց դա է հիմք տալիս պաշտպանական կողմին համոզմունք հայտնելու, որ այստեղ ոչ թե դատավարական գործընթացներ են կատարվել, այլ ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչից ելնելով՝ պաշտպանական կողմը դատարանում բանավոր կարգով բազմիցս հնչեցրել է նույնիսկ այդ եզրակացությունը կազմողների կողմից հանցագործության կատարման մասին հաղորդումներ»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:

 

Պաշտպանական կողմն առարկում էր նաև լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննության նշանակմանը, բայց քանի որ, դատարանի կարծիքով, այն կարևոր նշանակություն ունի գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար, այլ բան չէր մնում, քան ընդունել այդ որոշումն ու սպասել արդյունքներին: Այժմ գործի ելքն ամբողջությամբ այս երրորդ եզրակացությունից է կախված, քանի որ գործով բոլոր ապացույցներն արդեն հետազոտված են: Պաշտպանը հույս է հայտնում, որ արդեն շուտով իրենց մասնակցությամբ կկատարվի լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը, և եզրակացությունն ստանալով՝ մեղադրանքի կողմը վերջնական դիրքորոշում կարտահայտի՝ կհրաժարվի մեղադրանքից, այն փոփոխելու միջնորդություն կանի կամ էլ ժամանակ կխնդրի ճառերի համար, ինչին էլ կհաջորդի դատարանի որոշումը:

 

Պաշտպանը չի ուզում կանխատեսել սպասվելիք եզրակացության բովանդակությունը, բայց շարունակում է մնալ իր համոզմունքին. «Հիմա մենք ուզում ենք որոշել՝ այդ փորձագետները ճիշտ են արել, թե ոչ, այսինքն, ստացվում է, փորձում ենք ապացուցել, որ մածունը սպիտակ է, մինչդեռ դա ապացուցման կարիք չունի: Մի՞թե որևէ մեկը կարող է ապացուցել, որ մածունը սև է, նույն կերպ էլ այս փորձագետները պետք է փորձեն ապացուցել, որ մածունը սև է: Չե՛ն կարող, որովհետև լուսանկարով փորձաքննություն չի կատարվում»,- համոզված վստահեցնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը: