Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ընդգծեց, որ միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 24-ին:

 

«Առաջին միջոցառման ընթացքում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգով հանդես կգա թանգարանի և Խաչատրյանի լավագույն բարեկամներից դաշնակահար Շահան Արծրունին, ով ժամանել է ԱՄՆ-ից: Նա պատրաստել է շատ հետաքրքիր ծրագիր՝ բաղկացած Կոմիտասի և Խաչատրյանի ստեղծագործություններից»,-նշեց նա: Արմինե Գրիգորյանի խոսքով՝ տարվա ընթացքում անցկացվող մի շարք ավանդական միջոցառումներ նույնպես նվիրված կլինեն ցեղասպանության տարելիցին:

 

«Խոշոր միջոցառում ենք նախատեսում անցկացնել աշնանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի վաստակավոր նկարիչ Հենրիկ Էլիբեկյանի հետ: Նա պատրաստել է մի շարք, որը նվիրված է ցեղասպանությանը և կոչվում է «Կոմիտաս. Ցեղասպանություն»: Այդ շարքը կներկայացվի հենց մեր թանգարանում՝ իր իսկ ցանկությամբ: Պայմանավորվել ենք, որ հաջորդ տարի կրկին իր աշխատանքներով ցուցահանդես կազմակերպենք՝ խաչատրյանական թեմաներով»,-եզրափակեց թանգարանի տնօրենը:

 

Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978 թ.: 1984 թ.հունվարի 23-ին բացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: