Փետրվարի 24-ի առավոտից Ադրբեջանի բանկերի եւ փոխանակման կետերի մեծ մասը դադարեցրել է արտարժույթի փոխանակման գործողությունները: Նման իրավիճակ դիտվել էր նաեւ երեկ: Չնայած Ադրբեջանի կենտրոնական բանկի հավաստիացումներին եւ հայտարարություններին, բազմաթիվ փոխանակման կետեր մանաթի նոր կուրսով փոխանակումներ չեն կատարել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաքվի արտարժույթի փոխանակման կետերում «Թուրան» լրատվական գործակալության թղթակցին հայտարարել են, որ փող չկա կամ' որ գործողություններ անցկացնելու հանձնարարություն չեն ստացել:

 

Նույնպիսի իրավիճակ է նաեւ դրամական փոխանցումների հարցում: Մարդիկ չեն կարողանում ուղարկել կամ ստանալ դրամական փոխանցումները:

 

Կայքը հայտնում է, որ հնարավոր չէ պատկան կառույցներից բացատրություն ստանալ պատճառների մասին եւ այն մասին, թե դեռ ինչքան պետք է շարունակվի այդ իրավիճակը:

 

Ադրբեջանում ֆինանսական տենդը սկսվել է փետրվարի 21-ին, այն բանից հետո, երբ այդ երկրի ԿԲ-ը 33,5 տոկոսով կտրուկ արժեզրկել է ազգային արժույթ մանաթը:

 

Ադրբեջանի ԿԲ-ն հայտնել էր, որ փետրվարի 23-ին 10 փոխանակման կետ եւ 6 բան խախտել են արտարժույթի փոխանակման կանոնները, ինչի պատճառով նրանց արտոնագրերը չեղյալ են հայտարարվել: Խոսքն այն մասին է, որ նշված փոխանակման կետերն ու բանկերը արհեստականորեն նվազեցրել են ազգային արժույթի կուրսը' մեծացնելով դոլարի ու եվրոյի կուրսը:

 

Ներկայում ադրբեջանական մանաթի կուրսը, մեկ դոլարի նկատմամբ հունվարի սկզբին եղած 0,780 մանաթի դիմաց, նվազել է մինչեւ 1,0501 մանաթ, եւ մեկ եվրոյի դիմաց' մինչեւ 1,19 մանաթ:

 

Ազգային արժույթի նման կտրուկ արժեզրկումը ադրբեջանական հասարակության մեջ խուճապային տրամադրություն է ստեղծել, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները չափազանց երկար ասում էին այն մասին, որ երկրի ֆինանսական համակարգը հանդիսանում է աշխարհում գրեթե ամենակայունը: Ադրբեջանի ԿԲ ղեկավարը բազմաթիվ անգամ հանդես էր եկել հուսադրող հայտարարություններով, թե «թագավորությունում ամեն բան հանգսիտ է», եւ վստահեցրել մանաթի կայունությանը:

 

«Թուրան»-ը հայտնում է, որ փետրվարի 21-ի կտրուկ արժեզրկումից հետո մանաթն ավելի զգայուն է դարձել նավթի գների նկատմամբ, եւ բոլոր հետագա զարգացումները թելադրվելու են այդ գների շարժով:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: