Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սահմանային լարվածությունը թուլացել է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դա կապում է մի շարք գործոնների, այդ թվում' հայկական զինված ուժերի պատրաստվածության մակարդակի բարձրացման և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեության հետ: «Հայկական կողմը սահմանների ամրացման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում: Դիտարկման համակարգն է արդիականացվում, որպեսզի սահմանում տիրող իրավիճակի վերահսկողությունն ավելի արդյունավետ լինի»,-«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Օհանյանը:

 

Նախարարի խոսքով' սահմանում տիրում է հարաբերական հանդարտ վիճակ: Դա հետևանք է նաև նրա, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանք են տանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: «Մենք' որպես ուժային կառույցների ղեկավարներ' միշտ հորդորում ենք միջնորդներին' դիվանագիտական ճանապարհով քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սեյրան Օհանյանը:

 

Նա ընդգծեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակը և ՀՀ զինված ուժերը մշտապես աշխատանքներ են տանում' կատարելագործելու տեխնիկան: Հայկական երկու պետությունների զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անվտանգության ու խաղաղության երաշխավորն են: