ԱԺ-ում «Շահութահարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում, երբ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն առաջարկեց «շըփ-թըփ չանել» և թողնել հանգիստ քննարկել, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ շտապողականությունը կապված է միայն այն հանգամանքի հետ, որ ԱԺ հաջորդ քառօրյան տեղի կունենա մարտի վերջին, այսինքն՝ եթե օրենքն ընդունվի՝ այն ուժի մեջ կմտնի միայն մայիսին:

 

Նաղդալյանը նաև ընդգծեց, որ արտահանման մենաշնորհի խնդիր չկա. «Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կկարողանան իրականացնել 50 միլիարդ դրամի արտահանում, կօգտվեն նախատեսված արտահանումներից»,- ասաց նա:

 

Նա անդրադարձավ նաև մտահոգություններին, թե օրենքի նախագիծը նախատեսված է կոնկրետ անձերի համար՝ վստահեցնելով, որ այն անձերի համար չէ, այլ արտահանումը խթանող հարկային արտոնություն է նախատեսում:

 

Ի դեպ, երբ Հերմինե Նաղդալյանը տեղից պատասխանեց ընդդիմադիր պատգամավորներին, Գալուստ Սահակյանն անջատեց նրա խոսափողը և նկատողություն արեց. «Էս ի՞նչ ես անում, իյա»:

 

Դահլիճը և Էդուարդ Շարմազանովը սկսեցին ծիծաղել:

 

Իսկ ՀԱԿ պատգամավոր Բագրատյանն էլ, դիմելով Նաղդալյանին, ասաց. «Տիկի՛ն Նաղդալյան, ես Ձեզ շատ եմ հարգում, բայց Ձեր ասածը հակասում է տնտեսագիտությանը, կա՛մ Ձեզ փոխեք, կա՛մ տնտեսագիտությունը»: