Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով այդ երկիրը ղեկավարում է 2003 թվականից, խոստովանել է սեփական երկրի փուչ տնտեսության սնանկությունը եւ դրանում, ոչ ավել ոչ պակաս, մեղադրել հարեւաններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Ալիեւը հայտարարել է երեկ Մինգեչաուր կատարած այցի ժամանակ:
Տեղի հիվանդանոցի բժիշկների առաջ ունեցած ելույթում, անդրադառնալով Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի սրնթաց արժեզրկմանը, ինչը բացահայտել է այդ երկրի վերնախավի կողմից ամեն առիթով հնչեցվող «նմանը չունեցող կայուն զարգացման» մասին հայտարարությունների փուչիկ լինելը, նա աշխատել է բացատրել մանաթի անկման պատճառները' նշելով, որ «դա բացասական համաշխարհային գործընթացների հետեւանքն է, իսկ Ադրբեջանը համաշխարհային տնտեսության մաս է»:
ԶԼՄ-ներում հրապարակված նրա ելույթից պարզ է դառնում, որ ամեն ինչ այնպես չէ, ինչ լսում եւ տեսնում է հանրությունը, հարկավոր է սովորել կարդալ տողատակերը եւ ճիշտ հասկանալ ազդանշանները, իսկ մնացածն իմաստ չունի:
Ալիեւը խոստովանել է, որ Ադրբեջանը բոլորովին էլ պաշտպանված չէ եւ խիստ կախված է արտաքին գործոններից: Այդ պատճառով այն արտահայտությունները, թե «ոչ ոք մեզ չի կարող թելադրել, մենք ոչ մեկից չենք վախենում, ոչ ոք չի կարող մեզ վրա ճնշում գործադրել, մենք գնում ենք մեր ուղիով» եւ այլ մեծախոսությունները պետք է հասկանալ հակառակ կերպ' որ Ադրբեջանը կախված է ուրիշներից, այդ թվում' հարեւաններից, եւ որ այն չունի «սեփական ճանապարհը»:
«Տասը տարվա ընթացքում մանաթը դոլարի նկատմամբ ամրապնդվել է, ինչը դարձել է մեր տնտեսական քաղաքականության հաջողությունը, բայց հարեւան երկրներում իրադարձությունները եւ, գլխավորապես, ազգային արժույթների կտրուկ էժանանալը, չէր կարող չազդել մեզ վրա: Այստեղ մեր եկամուտների վրա ազդել է նաեւ նավթի գների կտրուկ անկումը: Նման իրավիճակում մանաթի կուրսի մշտական աճը սկսել էր բացասական ազդեցություն թողնել մեր տնտեսական զարգացման վրա: Այդ պատճառով, որոշվել է փոքր-ինչ էժանացնել մանաթը», -խոստովանել է Ալիեւը' մոռանալով նշել, որ մանաթի կուրսը կայ ուն պահելու համար Ադրբեջանի կենտրոնական բանկը միայն վերջին երկու ամսում 2,4 մլրդ դոլար է ծախսել, մանաթի կուրսը ոչ թէ էժանացել է «մի փոքր», այլ 34 տոկոսով, իսկ «մանաթային երկրաշարժի» օրերին Ադրբեջանի ԿԲ-ն հարկադրված է եղել փոխանակման համար իր պահուստներից օրական 500 մլն դոլար բաց թողնել:
Շարունակելով Ալիեւի «տրամաբանությունը», պետք է հասկանալ, որ նրա' «մենք ունենք նմանը չունեցող տնտեսություն, մանաթն ամենակայուն արժույթն է» հայտարարությունն իրականում հակառակն է նշանակում' «տնտեսությունն այնքան էլ լավը, իսկ մանաթը կայուն չէ»:
Սա նշանակում է, որ իզուր են Ադրբեջանում մանաթի արժեզրկման մեջ մեղադրում այդ երկրի ԿԲ-ի ղեկավար Էլման Ռուստամովին, եւ միանգամայն պարզ է, որ մանաթի հարցում որոշումն ընդունել է հենց Ալիեւը:
Վերջին տասը տարիներին իշխանություններն ադրբեջանցիներին պնդում էին, որ «մանաթի կայուն կուրսը առողջ տնտեսության ցուցանիշն է», իսկ այժմ պարզվում է, որ դա «նմանը չունեցող տնտեսական զարգացման» արգելակ է եղել:
Ալիեւը ժամանակ առաջ հայտարարել էր, որ «Ադրբեջանն արտարժույթի հսկայական պաշարներ ունի եւ կդիմանա նավթի գների անկմանը», իսկ այժմ պարզվում է, որ մինչեւ տարեվերջ այդ պաշարները կվերջանային, եթե իրենք նման քայլի չգնային:
Մասնավորապես, «Թուրան» լրատվական գործակալությունն այդ առնչությամբ գրում է. «Հասկանալի չէ, թե ովքեր էին գնում օրական ԿԲ-ի կողմից շուկա նետվող 500 մլն դոլարը, երբ շարքային քաղաքացին ոչ մի փոխանակման կետում չէր կարողանում անգամ 500 դոլար ձեռք բերել: Նշանակում է' գնումը կատարվում էր բանկերում, ամենաբարձր մակարդակով, եւ այդ միլիոնները տնօրինում էին օլիգարխները, նրանց մերձավորները, պետական չինովնիկները եւ այլք: Եթե հենց դրանք են սպեկուլյանտներն ու խարդախները, ապա ո՞վ է կառավարում պետությունը»:
«Ալիեւի ելույթից միանշանակ հասկացվում է, որ նա իր քաղաքացիներին ազդանշան է տվել' մի հավատացեք խոստումներին եւ պարտավորություններին, ձեզ կխաբեն: Ահա ճիշտ նմանը չունեցող դեպք...», -գրում է «Թուրան»-ը:
Ըստ ադրբեջանական գործակալության' Ալիեւի ելույթի վերջին արտահայտությունն այն մասին, որ «հաջող տնտեսական քաղաքականությունը շարունակվելու է», ուղղակի չարագույժ է հնչում: «Ինչպես նման ազդանշանները հասկանալ սովորած մարդիկ' մենք այդ արտահայտությունն այսպես ենք թարգմանում. «Սա ամենը չէ, դեռ մեզ կլացացնեն»«, -ամփոփել է «Թուրան»-ը: