Կան որոշ ուժեր, որոնք խիստ հետաքրքրված են Ադրբեջանին տեսնելու «թեժ կետեր» հանդիսացող 40-ից ավելի պետությունների հետ միեւնույն շարքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր էջում նման գրառում է կատարել Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, ով հայտնի է Ադրբեջանի յուրաքանչյուր անհաջողության մեջ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության դիմաց դրսի ուժերի հասցեին անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով:

 

Ալիեւի վարչախմբի կառկառուն դեմքը նաեւ Geostrategy կայքում հրապարակված' «Ադրբեջանը երե՞ս է թեքում Ուկրաինայից» հոդվածի հեղինակներին մեղադրել է սադրանքի մեջ:

 

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Ուկրաինայում հեղափոխությունից հետո Ադրբեջանը փոխել է Կիեւի նկատմամբ իր վերաբերմունքը եւ իր արտաքին քաղաքականության մեջ հակվում է Մոսկվայի կողմը:

 

Քաղաքականության այդ փոփոխության մասին ուշագրավ մեկնաբանություն է արել Quartz պարբերականն իր' «Իլհամ Ալիեւը նմանակում է Վլադիմիր Պուտինին» վերնագրով հոդվածում:

 

«Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու համար ԱՄՆ-ը եւ Եվրոպան դիմեցին Ադրբեջանին' որպես Ռուաստանին իդեալական այլընտրանք: Բայց, պարզվեց, որ տագնապ առաջացնող բազմաթիվ հանգամանքներ կան: Քաղաքական բռնաճնշումները երկրում եւ իր հարեւանների նկատմամբ թշնամանքը այդ պետությունը դարձրել են փոքրիկ Ռուսաստան», -գրել է պարբերականը:

 

Հոդվածում նշվում է, որ օրեսնդրությունը փոխելով երրորդ անգամ երկրի նախագահ դարձած' իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիեւը, որը երկիրը տանում է իսկական բռնապետության, չի կատարում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին 1994 թվականին իր իսկ հոր' Հեյդար Ալիեւի կողմից ստորագրված պայմանագրով հանձն առած պարտավորությունները, ինչի համար, այս հունվարին, հակամարտության միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց նրան կատարել հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գծով իր պարտավորությունները: Հայաստանի եւ ԼՂՀ հետ սահմաններում Ալիեւի' «զենքով շաչյունը», անկասկած, գրգռել և ջղայնացրել է Ռուսաստանին, որը Հայաստանի հետ անվտանգության ոլորտում պայմանագիր ունի:

 

Նշվում է, որ Ադրբեջանը չի երկյուղել «նեղացնել» նաեւ իր ավելի հզոր հարեւաններին' Ռուսաստանին եւ Իրանին: Իրանը զայրացած է իր սահմանների մոտ ռազմական բազաներ Իսրայելի մուտքն Ադրբեջանի կողմից արտոնելու կապակցությամբ, իսկ Ռուսաստանն էլ զայրացած է այն բանով, որ Ադրբեջանն արդեն 20 տարի համաձայնության չի գալիս Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ:

 

«Ալիեւի կողմից իրագործվող' բյուջեն կեսից ավելի չափով էներգետիկ հատվածից կախվածության քաղաքականությունը, միջին դասի' գնալով վատացող դրությունը եւ հակասական արտաքին քաղաքականությունը ոչ այլ ինչ են, քան ոչ կենսունակ երկրարաժամկետ կայունության ռազմավարություն, որը խոսում է այն մասին, որ Ալիեւը նմանակում է Վլադիմիր Պուտինին, չնայած նրա' հաճախակի բախմանը Ռուսաստանի հետ», -գրում է Quartz-ը: