«Մամլո ասուլիսին կասեմ, թե ես, իմ կոլեկտիվի անդամները, իմ ընտանիքի անդամները, իմ ընկերներն ու իմ աշխատողները, բարեկամներն ու հարևաններն ում են ընտրելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը:
Վարդանյանների ընտանիքին պատկանող ծխախոտի, քաղցրավենիքի և բոլոր այլ արտադրություններում ու ընկերություններում մի քանի հազար մարդ է աշխատում: Հայտնի է, որ Տավուշի մարզում էլ Վարդանյանների ընտանիքը թութունի աճեցմամբ է զբաղվում: Հ. Վարդանյանի ավագ որդին՝ Միքայել Վարդանյանը, այդ տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով նախորդ խորհրդարանական ընտրություններին պատգամավոր էր ընտրվել: Եվ նրա քարոզարշավի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է տեղի բնակիչներին հորդորել ընտրել նրան:
Անցած շաբաթ, երբ Ս. Սարգսյանը Տավուշ էր այցելել, նրա շքախմբում Մ. Վարդանյանը չէր երևում: Ինչո՞ւ նախկին պատգամավորը նախագահի հետ Տավուշ չի մեկնել՝ հարցին Հ. Վարդանյանը հավաստիացրեց, որ մեկնել է: «Չի կարող պատահել, լավ չեք ուսումնասիրել: Եթե երկրի նախագահը Տավուշում է, հնարավոր չէ, որ իմ որդին չգնա: Նա եթե 41,5 աստիճան ջերմություն էլ ունենա, էլի Տավուշում կլինի: Ս. Սարգսյանը գործող նախագահն է, մենք էլ մեր երկրի աշխատողներն ենք: Այնպես որ՝ եթե երկրի նախագահը գնում է այն տարածք, որտեղ իմ տղան աշխատում է, նա ոչ մի բարոյական իրավունք չունի այնտեղ ներկա չլինելու»,- պատասխանեց Հ. Վարդանյանը:
Եթե Մ. Վարդանյանը Տավուշում ուղեկցել է Ս. Սարգսյանին, ուրեմն ի՞նչ՝ Վարդանյանի «կոլեկտիվի անդամները, իր ընտանիքի անդամները, իր ընկերներն ու աշխատողները, բարեկամներն ու հարևանները» Ս. Սարգսյանի՞ն են ընտրելու: Բացի այդ՝ Տավուշում հազարավոր ընտանիքներ լծված են Վարդանյանների ընտանիքի թութունի աճեցման ու մշակման գործին: Այդ ընտանիքներին ուղղորդելո՞ւ են ընտրել գործող նախագահին: Հ. Վարդանյանը այդպես էլ չցանկացավ բացահայտել այդ գաղտնիքը՝ ասելով, որ դա կանի 10 օր հետո:
Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, թե Վարդանյաններին պատկանող ընկերություններում նախագահական ընտրությունների հետ կապված աշխատողներից անձնագրեր են հավաքում: Արդյոք Ս. Սարգսյանին ընտրելու համա՞ր էին այդ տվյալները հավաքում: «Ես մամուլ չեմ կարդում, տեղյակ չեմ: Այդպիսի բան չկա»,- պատասխանեց նա:
Հ. Վարդանյանը հրաժարվեց հետագա հարցերին պատասխանել՝ ասելով, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում և տնտեսական գործիչ է:
Հիշեցնենք, որ անցած տարի նա հայտարարել էր. «Հիմա եթե սիգարետի հարցում մեզ շատ նեղեն, իսկ ոնց որ թե այդպես են անում, նույն մեր «Ախթամար»-ը, «Արարատ»-ը և մյուս տեսակները կարտադրենք Ռուսաստանում, Վրաստանում կամ Կիպրոսում, կներմուծենք Հայաստան: Ոնց որ հիմա Հայաստանից ենք էքսպորտ անում աշխարհի տարբեր մասեր, այն ժամանակ էլ դրսից կներմուծենք Հայաստան: Մենք բիզնեսմեն ենք, հասկանո՞ւմ եք»,- հայտարարել էր նա:
Վարդանյանը նաև ավելացրել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ իրեն նեղում են: Ավելի ուշ մամուլում կարծիքներ հնչեցին, թե սիգարետ արտադրող ընկերություններին հարկային օրենքների խստացմամբ նեղում են, որ ծխախոտի ներկրումն ավելի նպաստավոր պայմաններում հայտնվի: Եվ կարծիք կար, որ դա արվում է Ս. Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող ծխախոտի ներկրման համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:
Հ. Վարդանյանը չցանկացավ խոսել այդ թեմայով: Ընդամենն ասեց, թե տնտեսական գործունեության մեջ խնդիրները ոչ մի անգամ չեն լուծվում: «Ամբողջ ճանապարհին միշտ խնդիր է լինում, մեկը լուծում ես, մյուսն է լինում, երրորդը, չորրորդը, և ամբողջ աշխարհում է այդպես: Միամիտ հարց մի տվեք, որ տնտեսության մեջ խնդիրներ կան ու լուծվեցին: Խնդիր միշտ կա, որովհետև տնտեսությունը կանգնած չէ: Խոչընդոտում են միշտ, ամբողջ աշխարհում: Ես կարող եմ քննադատել որևէ ղեկավարի, եթե նա սխալ անի: Իսկ եթե դուք կարծում եք, թե կա որևէ պետական աշխատող, որը չի սխալվում, այդ մարդուն կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրել: Այնպես որ՝ իրենց աշխատանքում և սխալվում են, և ճիշտ են անում»,- եզրափակեց Հ. Վարդանյանը: