Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնեյի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով հանդես կգա մարտի 5-ին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով The Jerusalem Post թերթը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համագործակցությամբ' կկատարի հայտնի հայ կոմպոզիտորների գործերը, Լյուդվիգ վան Բեթհովենի «Էրոիկա» սիմֆոնիան: Համերգի կազմակերպիչներից' հայ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշել է, որ սա միջազգային համերգային ծրագրի առաջին ելույթն է լինելու:

 

 

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի ամբողջ աշխարհում կայանալիք ուշագրավ համերգներով: «Քեզ հետ, Հայաստա´ն» խորագրով համերգային ծրագրի շրջանակում երկու տասնյակ անվանի երաժիշտներ հիշատակի համերգներ կտան աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում»- ասել է նա:

 

 

Իսրայելից հետո համերգներ տեղի կունենան Տալինում, Բրյուսելում, Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Նյու Յորքում, Հռոմում և Վիեննայում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մա րինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ' Վալերի Գերգիևը, Պինչաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելորդը, մենակատարներ' Եվգենի Քիսին, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին և Սերգեյ Նակարյակովը: