«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության հերթական ցանկը՝ ըստ երկրների, որում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 3 կետով և տարածաշրջանում հանդիսանում է մամուլի ազատության առաջատարը: Իհարկե, պետք է նկատել, որ իրենց դիրքերը բարելավել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը՝ համապատասխանաբար 4 և 6 կետով, սակայն քանի որ նրանք Հայաստանից շատ հետ են ի սկզբանե, առաջատարը Կովկասում Հայաստանն է:
Բնականաբար, իշխանությունն այդ հանգամանքը մատուցում է որպես իր ձեռքբերում, իսկ ընդդիմությունն էլ այդ ամենը որակում է որպես ֆարս կամ շղարշ՝ նշելով, որ իրականում մամուլն ազատ չէ և դրա վկայությունն է դիտվում հերթական դատական հայցը օլիգարխի կողմից թերթերից մեկի՝ «Ժողովուրդ»-ի դեմ:
Իրավիճակն իսկապես հակասական է: Մի կողմից՝ բոլորն են արձանագրում, որ մամուլի հանդեպ բռնությունը Հայաստանում նվազել է, գրեթե չկա, մյուս կողմից՝ կարծես թե բռնության ձևերն են պարզապես փոխվել, և այսօր մամուլի գլխին ֆինանսական մամլիչն է կախված, որը վերջին տարիներին դատական հայցերի տեսքով իջել է մի քանի լրատվամիջոցների գլխին: Այդ գործում ներգրավված են եղել և՛ օլիգարխները, և՛ անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ: Այս ամենը Հայաստանում խոսքի ազատության առումով իրավիճակը դարձնում է, մեղմ ասած, հարաբերական:
Եթե խոսենք կոնկրետ շերտերով, ապա մամուլի ազատություն Հայաստանում կա, կան ազատ թերթեր, որոնք իշխանությանը ամենասուր քննադատությանն են ենթարկում, ինտերնետի զարգացմանը զուգահեռ համացանցային մամուլն է բավական տարածվում, և այստեղ դաշտն իսկապես գրեթե նվազագույն վերահսկելիության հնարավորություններն է թողնում իշխանությանը: Այս իրողությունները բերել են նաև նրան, որ հեռուստաեթերում են սկսել հայտնվել բազմազան կարծիքներ:
Սակայն մամուլի ազատության խնդիրը պետք է դիտարկել համակարգային իմաստով: Իսկ այստեղ արդեն առկա են շատ ավելի խորը հիմնախնդիրներ: Մինչ այդ, իհարկե, նախ պետք է արձանագրել, որ Հայաստանում մամուլի իրական ազատության աստիճանը պետք է չափել այն ժամանակ, երբ կա սուր ներքաղաքական պայքար, և իշխանությունն իսկապես ունի լուրջ խնդիրներ:
Ինչ վերաբերում է համակարգային հիմնախնդիրներին, ապա մամուլի ազատության մասին հիմնարար առումով կարելի է խոսել միայն տնտեսական ազատությունների պարագայում: Մամուլը, ի վերջո, տնտեսական գործունեություն ծավալող ոլորտ է, հետևաբար այն չի կարող անմիջականորեն կապված չլինել տնտեսական ազատությունների, կապիտալի ազատության հետ: Հետևաբար, Հայաստանում մամուլի իրապես ազատ դաշտի մասին խորքային խոսակցության համար նախ անհրաժեշտ է տնտեսական ընդհանուր ազատություն և մրցակցային տնտեսական միջավայր, որտեղ կապիտալն ունի ընտրության ազատություն: Այս տեսանկյունից ակնհայտ է, որ Հայաստանում կան լրջագույն խնդիրներ:
Հետևաբար, մամուլի ազատությունը Հայաստանում նման է դաշտագլոր բույսին, որը կա, բայց այնքան թույլ են արմատները, որ թեթև քամուց անգամ բույսը գլորվում է հեռուներ: Այսինքն՝ արտաքին, վերին մակերեսային շերտի վրա արձանագրումները իրենց տակ բավական թույլ հիմքեր են պարունակում կամ հիմքեր չունեն ընդհանրապես: Մինչդեռ ցանկացած համակարգ, հանրային կյանքի ազատականացմանը, ժողովրդավարացմանը և իշխանության վերահսկելիությանը նպաստող յուրաքանչյուր ինստիտուտ, որոնցից կարևորագույններից է մամուլը, ամուր է առաջին հերթին արմատներով, հիմքերով: