Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համոզված է, որ գրականությունը դարերով եղել և մնում է հայ ժողովրդի այցեքարտը: ՀԳՄ նախագահը վստահ է՝ մենք ունենք և ունենալու ենք լավ գրողներ: Մարտի 3-ին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում նշում են Գրողների միջազգային օրը:
«Շատերն այսօր կարդում են մեր դասականներին: Մեծերին հարգելով՝ մենք հակառակ կերպ ենք վարվում ժամանակակիցների հետ, թերահավատությամբ ենք նայում ժամանակակից գրողներին: Որքան պատմությունը կրկնվելու սովորություն ունի, այնքան գրականությունը չի կրկնվում, և ժամանակի մտածողության չափանիշներին հարիր տարածքում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տոնին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
ՀԳՄ նախագահը համոզված է՝ յուրաքանչյուր մեծ գրող իր ժամանակի մեջ նոր գաղափարներ է ներմուծում: «Սա հենց գրողի անկրկնելիությունն է: Իսկ ժամանակակից գրողների գործերը նույնպես պետք է կարդալ»,-ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:
ՀԳՄ նախագահի խոսքով՝ մեր գրականությունն ազգային ինքնագիտակցության հիմքերն է ամրացրել: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում գրքին և գրականությանը նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվելու, այդ թվում՝ Մանկական գրքի շաբաթը, որը կմեկնարկի մարտի 26-ից: «Ցանկություն ունենք, որ հաջորդ տարին հայտարարվի որպես գրականության տարի»,-տեղեկացրեց Միլիտոնյանը:
«ՓԵՆ» ակումբի (International PEN Club) 48-րդ միջազգային կոնգրեսի որոշմամբ մարտի 3-ին նշվում է Գրողների միջազգային օրը: «ՓԵՆ» ակումբը հիմնադրվել է Լոնդոնում 1921թ.։ Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն «poets», «essayists» և «novelists» բառերի առաջին տառերից։ «ՓԵՆ» ակումբը հանդես է գալիս ի պաշտպանություն տեղեկատվության ազատության յուրաքանչյուր երկրում և երկրների միջև: Այն նաև պաշտպանում է գրավոր խոսքի ազատությունն ու պայքարում գրաքննության դեմ: