Հոնդուրասի ջունգլիներից վերադարձած հնագիտական արշավախումբը հայտարարել Է քաղաք-պետության ավերակների հայտնաբերման մասին, որը պատկանում Է Կենտրոնական Ամերիկայի՝ գիտությանն անհայտ քաղաքակրթության: Այդ քաղաքի մասին լուրերը շրջում Էին տակավին XVI դարի իսպանացի կոնկիստադորների ժամանակներից, իսկ տեղական լեգենդներում այն հայտնի Է եղել որպես Կապիկների աստծու քաղաք»: Հայտնագործության մասին հաղորդել Է Fox News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Արշավախմբի կազմում եղել են գիտնականներ ԱՄՆ-ից եւ Հոնդուրասից, ինժեներ (լիդարով աշխատելու մասնագետ), մարդաբան, Էթնոբուսաբան եւ Հունդուրասի հատուկ նշանակության զորակազմի 16 մարտիկներ, որոնք ապահովել են հետազոտությունների անվտանգությունը: Ավերակները հայտնաբերել են Լա Մոսկիտիայում՝ Հոնդուրասի այն տարածաշրջանում, որը ծածկված Է անանցանելի ջունգլիներով: Այնտեղ գիտնականները զննել եւ քարտեզագրել են պարիսպները, հրապարակները, գերեզմանաբլուրները եւ բուրգը: Այդ կառույցները պատկանել են անհայտ հնդկացիական մշակույթի, որի ծաղկումը վերաբերում է 1000 – 1400 թվականներին: Հետնորդները (եւ կողոպտիչները) երբեք չեն հասել քաղաք, որը ծածկված Է խիտ բուսականությամբ:

 

Գիտնականները հայտնաբերել են 52 արտեֆակտ, այդ թվում՝ քարե նստոցներ, որմնանկարներ՝ օձերի եւ անգղների պատկերներով, ինչպես նաեւ «մարդ-յագուարի» գլուխ: Բոլոր գտածոները փաստաթղթավորված են, սակայն գիտնականները դրանք թողել են տեղում: Քաղաքի գտնվելու վայրը պահվում Է գաղտնի (որպեսզի կողոպտիչներն այն չավերեն):

 

Հիմնական վարկածի համաձայն՝ այդ ավերակները պատկանում են լեգենդար Սյուդադ Բլանկային (Սպիտակ քաղաքին), որի մասին Կառլոս V կայսրին գրել Է Էռնան Կորտեսը: Կոնկիստադորը տեղացի բնակիչներից լսել Է, որ այն տարածքում, որտեղ այժմ գտնվում Է Հոնդուրասը, կա մի պետություն, որը հարստությամբ հավասար Է ացտեկյանին: