ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը, ով նախորդ տարի տոնել է իր 90-ամյակը, հուշեր կգրի Սպիտակ տանն աշխատելու տարիների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գիրքը կհրատարակվի նյույորքյան Simon & Schuster հրատարակչությանը:
Հուշագրությունները կկոչվեն «A Full Life: Reflections at Ninety» («Լի կյանք. Մտորումներ 90 տարեկանում»): Գիրքը վաճառքում կհայտնվի հուլիսի 7-ից։
Հրատարակչությունում նշել են, որ Քարտերը մտադիր է պատմել ընթերցողներին համաշխարհային առաջնորդների մասին, ում հետ գործ է ունեցել, ինչպես նաև կներկայացնի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո իր կյանքն ու գործունեությունը:
Քարտերն ԱՄՆ 39-րդ նախագահն է: Նա ղեկավարել է Սպիտակ տունը 1977-1981թթ. նրա նախագահության ընթացքում ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերություններն առավել սրվեցին եւ նա հրամայեց բոյկոտել 1980 թ. Մոսկվայի օլիմպիական խաղերը:
Սպիտակ տունը լքելուց հետո Քարտերը զբաղվել է հասարակական գործունեությամբ: Նա 20 գրքի հեղինակ է' այդ թվում հուշերի, բանաստեղծությունների եւ մանկական պատմվածքների: