Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ: Կաթողիկոսի ուղերձում ասված է.
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց Մարտի 8-ի տոնական առիթով:
Գարնանային վերազարթոնքի այս օրերին մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` իրենց անզուգական առաքելության մեջ: Արդարև, կանանց կոչմանց մեջ վեհագույնը մայրությունն է, որ խարիսխն է ընտանիքի: Անփոխարինելի է կանանց դերը ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում'լինելով ու մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը մեր կյանքում: Հավասար հնարավորությունների մեր դարում անուրանալի է նաև կանանց դերն ու բերած ավանդը գիտության, կրթության, տնտե սության և հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառներում' նպաստելով մեր հասարակության բարօրությանն ու զարգացմանը:
Սիրելի մայրեր, քույրեր ու դուստրեր, Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ խնամքի ներքո հարստացնեք մեր կյանքը` լցնելով այն ձեր բարի գործերով, սիրով, հոգատարությամբ ու առաքինի օրինակով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն' «առաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից»:
Թող Ամենակալն Աստված շնորհազարդի ձեզ հոգևոր առաքինություններով և պարգևի ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու անսպառ ուրախություն' ձեր ընտանիքների, զավակների ու սիրելիների հետ:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»: