Շիրակի թեմը սգում է իր նախկին թեմակալ առաջնորդի՝ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի մահը: Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը մարտի 7-ին Խարկով քաղաք (Ուկրաինա) կատարելիք այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել: Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում մարտի 8-ին' Մեծ Պահքի չորրորդ՝ Տնտեսի կիրակիին նվիրված պատարագը՝ պատարագիչ Տ. Շիրակ ավագ քահանա Առաքելյան, զուգորդվեց նաև հոգեհանգստյան կարգով՝ քարոզիչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան: Հարյուրավոր գյումրեցիների հետ կարգին մասնակցում էին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

 

Սրբազան հայրն իր հոգևոր գործունեության 46 երկար ու ձիգ տարիներից 7-ը անցկացրել է ղեկավարելով Շիրակի թեմը: 1983թթ. Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում, իսկ արդեն 1990թ. նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդ: Այդ դժվարին տարիներին Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանին հաջողվում է 1992թ. Գյումրիում հիմնադրել Շիրակի հոգեւոր ընծայարանը: Վերջինիս ջանքերի շնորհիվ թեմն ունենում է նաև առաջնորդարանի շենք:

 

Ինչպես իր խոսքում նշեց Միքայել եպիսկոպոսը, Սրբազան hոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու և նրա հավատավոր զավակների և Ուկրաինայի և Շիրակի թեմերի համար: «Դժվարին տարիներ էին, երբ Սրբազան հայրը ստանձնեց Շիրակի թեմի հոգևոր առաջնորդի պարտականությունը և կարողացավ հաղթահարել այդ դժվարությունները, կարողացավ հաստատել Շիրակի թեմի հոգևոր ընծայարանը, որն այսօր իր գործունեությունը շարունակու է Հառիճի վանքում: Այդ ընծայարանը, որը բազմաթիվ հոգևորականներ տվեց, նա հաստատեց մեծ դժվարությամբ ու ջանքերի գնով, իր առ աջնորդական տարիների ձեռքբերումներց եղավ նաև առաջնորդարանի շենքը՝ պայքարեց այդ շենքը պահելու համար և այսօր, որ մենք առաջնորդանիս շենք ունենք, պարտական են Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանին»,-իր խոքսում նշեց գերաշնորհ հայրը՝ վստահեցնելով, որ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոսը միշտ իր խորհուրդներով եղել է Շիրակի թեմի կողքին:

 

Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը (ավազանի անունը՝ Գրիգոր) ծնվել 1946թ. Հայաստանում, Էջմիածին քաղաքում: 1960թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 1965թ. արժանացել է սարկավագական ձեռնադրության: 1966թ. ավարտել է ուսումը, 1966-1967թթ. շարունակել է ուսումը Զագորսկում' Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում: 1967-1968թթ. նշանակվել է Հայ եկեղեցու պաշտոնական «Էջմիածին» ամսագրի խմբագրության քարտուղար: 1969թ. սկզբում նշանակվել է ծառայության Օրջոնիկիձեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Նույն թվականի հոկտեմբերին ձեռնադրվել է աբեղա եւ նշանակվել Դոնի Ռոստով քաղաքի հայկական համայնքի հոգեւոր հովիվ: 1971թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել է Ֆրանսիա' ուսումը շարունակելու Լիոնի Կաթոլիկ համալսարանում' միաժամանակ ծառայելով տեղի հայկական եկեղեցում: 1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում' Ուկրաինայում:

 

1975թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան: 1975-1979թթ. աստվածաբանական ուսումը շարունակել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում՝ հովվական ծառայություն մատուցելով Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում: 1979-1980թթ. եղել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանի տեսուչ: 198 1թ. նշանակվել է Բուենոս Այրեսի առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ, իսկ 1982թ. ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ: 1983թթ. Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: 1990թ. նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդ:

 

1992թ. Գյումրի քաղաքում հիմնադրել է Շիրակի հոգեւոր ընծայարանը: 1992թ. ստացել է արքության պատիվ եւ Վազգեն Ա կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի անդամ: 1998-1999թթ. Գրիգորիս սրբազանը ժամանակավորապես կատարել է Մոլդովայի Հա յ Առաքելական եկեղեցու գործունեության համակարգողի պարտականությունները: 1999-2001թթ. եղել է Հայ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդական փոխանորդ: 2001թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:


Արմենուհի Մխոյան