ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ստացել է հրազենային վերք կրծքավանդակի վերին աջ մասում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուին այցելած Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Կույր վերք է, գնդակը դեռեւս գտնվում է փափուկ հյուսվածքներում»,- նշեց նախարարը: Առողջապահության նախարարն ասաց, որ մեկ գնդակ է նրա մարմնում, այսօր վիրահատության անհրաժեշտություն չկա, վաղը նոր միջամտություն կկատարվի գնդակը հեռացնելու նպատակով:

Դերենիկ Դումանյանի խոսքով' Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում, որեւէ կենսական օրգան ախտահարված չէ: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իրեն լավ է զգում եւ կոնտակտի մեջ է մտնում իրեն այցելող անձանց հետ:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում, հունվարի 31-ին, ժամը 23.30-ի, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի տան դիմաց, նրա նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: Այնտեղ էր նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց են ժամանել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ' վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան եւ այլք: