Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը հեռուստացույցից է իմացել ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ մասին եւ շտապել հիվանդանոց:
Արդեն «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ընդհանրապես տեղեկություն չունի եւ եկել է իր համար պարզելու վիճակը:
Հարցին, թե ինչպես է գնահատում, որ նախագահի թեկնածուի դեմ նման քայլ է կատարվում, նա հարցով պատասխանեց. «Նման պարագայում ինչպե՞ս են գնահատում»: Դիտարկմանը, թե այլ քաղաքական գործիչներ տեղի ունեցածը գնահատել են որպես պետականության դեմ ուղղված ոտնձգություն, Սեդրակյանն ասաց. «Չեմ կարող ասել: Նախ աղոթենք, որ մարդն առողջանա, իսկ հետո գնահատականներ կտանք: Կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է պարզի, հանցագործոթյունը քաղաքակա՞ն է, թե՝ ոչ: Ես հիմա չեմ կարող գնահատել որպես քաղաքական»:
Հարցին, թե այս դեպքից հետո հնարավո՞ր է, որ սկսի շրջել թիկնազորով, նախագահի թեկնածուն արձագանքեց. «Չեմ կարծում, ես եւ Պարույր Հայրիկյանն այն թեկնածուները չենք, որ մեր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով նման բան կատարվեր»:
Հիշեցնենք, որ Տպագրիչների փողոցում, իր տան դիմաց, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Այնտեղ է նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը:
NEWS.am-ի թղթակիցը հիվանդանոցից հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք: Նախնական տեղեկություններով Պարույր Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Պարույր Հայրիկյանի գիտակցությունը տեղն է, անրակի շրջանում է հրազենային վնասվածք ստացել: