Նավթի համաշխարհային գների կտրուկ անկման հետեւանքով Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի գրեթե երկու անգամ էժանանալու պատճառով Ադրբեջանի բազմաթիվ բանկեր հայտնվել են սնանկացման եզրին: Խուճապի ենթարկված ադրբեջանցիները չեն վստահում բանկերին եւ գերադասում են իրնց գումարները պահել տանն արտարժույթով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, չորս ադրբեջանական բանկեր, որոնց անվանումները չեն հրապարակվում, կանգնել են փակվելու շեմին, քանի որ նրանց կապիտալը կազմում է Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից սահմանված միագումար կապիտալի նվազագույն չափից (0,7 տոկոս)' 50 մլն մանաթից քիչ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԿԲ-ի 2015 թվականի հունվարի համար կազմված զեկույցում:

 

Ադրբեջանում գործում են 45 բանկեր, որոնցից միայն երկուսն են պետական:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ մի քանի օր առաջ Bank of Aerbaijan-ը դադարել է ոչ միայն որեւէ գործառույթ անցկացնել իր հաճախորդների հետ, այլեւ հրաժարվում է վերադարձնել ավանդատուների' իրեն վստահված փողերը:

 

Նշվում է, որ հարյուրավոր ավանդատուներ ամեն օր հավաքվում են բանկի շենքի առջեւ' հույս ունենալով ստանալ իրենց ավանդները: Սակայն ապարդյուն. բանկի աշխատակիցները հրաժարվում են ընդունել կամ որեւէ համոզիչ պատասխան տալ նրանց: Գործին հրաժարվում է միջամտել նաեւ Ադրբեջանի կենտրոնական բանկը, որը պատասխանատվություն է կրում երկրում բանկերի գործունեության համար:

 

Ավելի վաղ նշվել էր, որ ադրբեջանական մի շարք բանկեր հերթ են կանգնել արտասահմանյան հեղինակավոր բանկերից վարկեր ստանալու համար, որպեսզի կարողանան շարունակել իրենց գործունեությունը:

 

Ադրբեջանի ԿԲ-ին կից Հիպոթեքային հիմնադրամը հայտնել է, որ փետրվար ամսից հիպոթեքային վարկավորումներն Ադրբեջանում դադարեցվել են:

 

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիեւը ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքին հայտնել է, որ Ադրբեջանի ԿԲ արտարժույթի պահուստը վերջին երեք ամսում գրեթե մեկ երրորդով' 27 տոկոսով պակասել է մանաթի կուրսը կայուն պահելու համար օրական 500 մլն դոլար շուկա բաց թողնելու արդյունքում:

 

«Դեկտեմբեր-փետրվար ամիսներին Ադրբեջանի ԿԲ պահուստը կորցրել է 4 մլրդ դոլար», -նշել է նա:

 

Փորձագետի կարծիքով' անցյալ տարվա կեսերին եղածի համեմատ, նավթի գների գրեթե երկու անգամ ընկած մակարդակը պահպանվելու դեպքում, առաջիկայում մանաթը շարունակելու է էժանանալ:

 

Ադրբեջանական մանաթի կուրսը դոլարի եւ եվրոյի նկատմամբ մարտի 10-ին գտնվել է համապատասխանաբար 1,0501 եւ 1,1906 մակարդակի վրա, այն դեպքում, երբ ընթացիկ տարվա հունվարի սկզբին մեկ ԱՄՆ դոլարն արժեր 0,780 մանաթ: