Հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին իր համերաշխությունն ու աջակցություն է արտահայտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի օրվան: Նյու Յորքում մարտի 10-ին 100 LIVES («100 կյանք») նախաձեռնության մեկնարկի արարողությանը նրան է միացել կինը' հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին տեղեկացնում է բրիտանական Daily Mail-ը:

 

«Ինձ համար պատիվ է համագործակցությունը 100 LIVES-ի հետ, քանզի այն և իմ «Not On Our Watch» հիմնադրամը նույն նպատակն են հետապնդում' աշխարհի ուշադրությունը բեևեռել ցեղասպանության ազդեցության վրա և ռեսուրսներ ներդնել աշխարհում զանգվածային կոտորածների վերացման համար»,- ասել է Քլունին' հավելելով, որ ցեղասպանությունները շարունակում են տեղի ունենալ նաև այսօր:

 

Հեղինակավոր «The Economist» շաբաթաթերթը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին փրկած անհատներին տրվող «Ավրորա» մրցանակի (Aurora Prize for Awakening Humanity) շնորհանդեսին, նշում է, որ ամերիկյան և այլազգի միսիոներները 1915 թվականի զանգվածային կոտորածների և տեղահանությունների կարևոր վկաներն են: «Սիրիայից մինչև Անդրկովկաս ձգվող վայրերում, միսիոներներն օգնություն են ցուցաբերել փրկվածներին, հետևել, որպեսզի որբերը սնունդ ունենան, կրթություն ստանան և կարողանան նոր կյանք սկսել: Այս ամենի համար գումարները հավաքվել են ամերիկյան եկեղեցիներում, իսկ երբ ամերիկյան նպաստամատույցներում պահվող երեխաները վատ էին սնվում, նրանց ասել են. «Մտածի՛ր սոված հայերի մասին» և ավելի երախտապարտ եղիր»,- գրում է «The Economist»-ը:

 

Գնահատելով ու խոնարհվելով վերապրածների և նրանց փրկողների առաջ՝ 100 LIVES նախաձեռնությունը սահմանել է «Ավրորա» մրցանակ՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու և խրախուսելու նպատակով: Ամենամյա «Ավրորա» մրցանակը ենթադրում է նաև 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել: «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։

 

«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը, կորցրել է հորն ու եղբայրներին։ Հրաշքով փրկվելուց հետո, նա կարողացել է իր մեջ ուժ գտնել և իր կյանքը նվիրել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ նկարահանվելով «Հոշոտված Հայաստան» ֆիլմի (1919թ.) գլխավոր դերում։ Մրցանակի սահմանումը ոգեշնչված է նաև հարյուր տարի առաջ ցուցաբերված խիզախության և գոյապայքարի հազարավոր չպատմված դրվագներով'

 

2016թ. ապրիլի 24-ին Երևանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։