20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ, ականավոր մտավորական, հայ գրականության ֆենոմեն…Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Գրականության ականավոր դեմքերից մեկի ծննդյան օրը համախմբել էր չարենցասերներին պոետի երևանյան հուշահամալիրի մոտ: Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ մի խումբ գրողներ, ուսուցիչներ և աշակերտներ, ըստ ավանդույթի, իրենց ելույթներով և ծաղիկներով հարգանքի տուրք մատուցեցին Չարենցի հիշատակին:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ 118 տարի առաջ ծնվեց Եղիշե Չարենցը ի փառս մեր գրականության: «Չարենցը կարծես մեր գրականության պատմության մի սինթեզատորը լինի, հանրագումարը: Իր տեսակը՝ որպես հայ մարդ, հայ մտածող, հայ բանաստեղծ, հենց ինքն է կնքել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
Պոետի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, խոստովանեց, որ շատ հուզված է: «Հուզմունքս կրկնապատկվեց, որովհետև տեսա, թե ինչ մարդաշատ է այստեղ: Այստեղ է այն սերունդը, որի մեջ Չարենցը տեսնում էր իր հայրենիքի պայծառ ապագան: Ես, իհարկե, չեմ կարող հուշեր պատմել պապիկիս մասին, որովհետև մայրս երկու տարեկան էր, երբ կորցրեց հորը: Ես պապիկիս ճանաչել եմ իր գրքերի, փաստաթղթերի, ժամանակակիցների հուշերի միջոցով»,- նշեց պոետի թոռնուհին:
Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում' բազմազավակ ընտանիքում:
1908թ. Ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն' արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: 1914թ. «Չարենց» գրական կեղծանունով Կարսում լույս է տեսել գրողի «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն: Չարենցը թարգմանել է Գյոթեի, Հայնեի, Հյուգոյի, Ուիթմենի, Վերհառնի, Ռիլկեի, Պուշկինի, Նեկրասովի, Լերմոնտովի, Գորկու, Մայակովսկու, Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական և ժամանակակից գրողների գրքեր: 1935-ից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում, գերեզմանի տեղն անհայտ է:
Արդարացվել է հետմահու: Սահմանվել է ՀԳՄ Ե. Չարենցի անվան մրցանակ: ՀՀ մեկհազարանոց թղթադրամի վրա պատկերված է Չարենցի դիմանկարը: Երևանում գործում է նրա թանգարանը: Չարենցի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի քաղաքներում' Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը, նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին: